ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դիտարկվել է ընտրությունների լուսաբանումը 10 առցանց ԶԼՄ–ներում
«Լրագրողներ հանուն ապագայի»
ՀԿ-ն դիտարկում է Հայաստանի առցանց լրատվամիջոցների կողմից ընտրական գործընթացների
լուսաբանումը: Մայիսի 3-ին կազմակերպությունը ներկայացրեց մոնիթորինգի միջանկյալ արդյունքները,
որն ընդգրկում է փետրվարի 6-ից մինչև ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածը:
Մշտադիտարկվել են 10 առցանց ԶԼՄ-ներ՝ www.1in.am,
www.7or.am, www.a1plus.am, www.azatutyun.am, www.civilnet.tv, www.lragir.am,
www.news.am, www.tert.am, www.panorama.am, www.panarmenian.net կայքերը:
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանի ներկայացրած
տվյալներով՝ նշված ժամանակահատվածում իրենք արձանագրել են ընտրությունների թեմային
առնչվող 10.564 հրապարակում: Լուսաբանումների քանակով առավել ակտիվ են եղել panorama.am-ը
(17,8%), 1in.am-ը (15,8%) 7or.am-ը (13%) և tert.am-ը (11,9%), իսկ ամենապասիվը` azatutyun.am-ը
(4,9%) և civilnet-ը (2%):
Ամենաշատը լուսաբանվել են Հայաստանի հանրապետական կուսակցությունը
(31,1%), Հայ ազգային կոնգրեսը (17,2%) և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (12,7%),
իսկ ամենաքիչ անդրադարձերը եղել են Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը (0,7%),
Հայաստանի կոմունիստական կուսակցությանը (0,6%) և «Միավորված հայերին» (0,2%):
Ծրագրի գլխավոր վերլուծաբան Լուիզա Իսրայելյանը նկատում է, որ
փետրվար-մարտ ամիսներին ընտրությունների և կուսակցությունների գործունեության մասին
լուսաբանումներն ավելի քիչ էին: Իսկ ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկից
հետո լուսաբանումների թիվը սկսեց կտրուկ ավելանալ:
«Եթե մինչև նախընտրական քարոզարշավը և քարոզարշավի
պաշտոնական մեկնարկի սկզբնական շրջանում ավելի շատ լուսաբանվում էր ՀՀԿ-ն, ապա ապրիլի
կեսերից այդ կուսակցության անդրադարձերը նվազել են: Իսկ ՀԱԿ-ին վերաբերող նյութերի
քանակը գնալով աճում է»,- նկատում է վերլուծաբանը:
ԼՀԱ ՀԿ-ն դիտարկել է նաև անդրադարձերի երանգավորումը՝ դրանք
բաժանելով 3 խմբի՝ դրական, չեզոք և բացասական:
Սուրեն Դեհերյանի դիտարկմամբ՝ առցանց լրատվամիջոցներում գերիշխում
են չեզոք հրապարակումները, դրական կամ բացասական վերաբերմունք արտահայտող հրապարակումներն
ավելի քիչ են: «Տեղեկատվական բնույթի նյութերը, որոնց տակ հեղինակ նշված չէ, 98 տոկոսով
չեզոք են: Իսկ հեղինակի անվան սկզբնատառերով կամ կեղծանվամբ ստորագրված նյութերն ավելի
շատ բացասական երանգավորում են պարունակում (61,3%)»,- ասում է
կազմակերպության ղեկավարը:
Դիտարկված նյութերում առավել շատ բացասական հիշատակումները եղել
են ՀՀԿ-ի (10%), Կոմունիստական կուսակցության (7%) և ԲՀԿ-ի (6%) հասցեին:
Մշտադիտարկումը շարունակվելու է նաև հետընտրական շրջանում՝ մինչև
հունիսի 6-ը:
