Զրկված են ընտրելու իրավունքից

«Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության
նախագահ Սեդրակ Բաղդասարյանը և նրա պես ևս 6 հոգի այս անգամ էլ զրկված են իրենց
ընտրելու իրավունքից, քանի որ չունեն գրանցում:

Բաղդասարյանը մեկն է այն տասնյակ մարդկանցից, ում ձեռքից վերցրել են սեփական
բնակարանը Բյուզանդի փողոցում՝ հարկադիր օտարելով այն: Նրանցից շատերը գրանցվել է
բարեկամների տանը, իսկ մնացածն այդպես էլ մնացել են անհասցե:

Հիշեցնենք, որ չնայած Մարդու
իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) պարտավորեցրել է պետությանը վերադարձնել 3 քաղաքացիների
բնակարանները, որոնց մեջ է նաև Բաղդասարյանը, սակայն Հայաստանի Հանրապետությունը
չի կատարել ԵԴ պահանջը:

«Այսօր ՀՀ կառավարույթունը ՄԻԵԴ-ում տառացիորեն թղթախաղ խաղացող ժուլիկի խաղ է
տանում, երևի թե հույս ունեն, որ Մարդու իրավուքների կոմիտեում կփորձեն իրականությանը
չհամապատասխանող հիմանովորումներով հանդես գալ»,- կարծում է այս գործով փաստաբան Արթուր
Գրիգորյանը:

Արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանը վերջերս հարցազրույց է տվել լրատվամիջոցներին՝
հայտնելով, որ  տարիներ շարունակ հաշտության
բանակցություններ են գնացել ու դրա պատճառով միգուցե և նրանց համար նախատեսված  բնակարանները վաճառվել են: Փոխնախարարը խորհուրդ
է տվել այդ հարցը նորից ՄԻԵԴ-ում բարձրաձայնել:

Սեդրակ Բաղդասարյանը նշում է, որ նախարարությունից ստում են՝ բանակցությունների
մասին խոսելով, իսկ Գրիգորյանը հայտնում է, որ եթե անգամ բանակցություններ են գնացել,
ՀՀ կառավարությունը խիստ անպատասխանատու է գտնվել այդ բնակարանների անձեռնմխելիությունն
ապահովելու հարցում:

«Մենք բնակարանների վաճառքի փաստը հայտնաբերելուց հետո նորից ենք դիմել ՄԻԵԴ՝ նշելով
որ այդ բնակարանները չկան: Խնդրել ենք, որ դրանց շուկայական արժեքով փոխհատուցում տրվի
այս մարդկանց»,- ասում է փաստաբան Արթուր Գրիգորյանը:

ՄԻԵԴ–ը, Գրիգորյանի համոզմամբ՝ այն դատարանն է, որ եվրոպական շատ երկրներում ժողովրդավարության
ու արժանավայել կյանքի ձևավորման հարցում մեծ դեր է խաղացել:

«Ես կարող եմ վստահ ասել, որ որևէ պետություն մտքով էլ չի անցկացրել այս աստիճանի
անլուրջ վերաբերմունքի արժանացնել ՄԻԵԴ որոշումները»,- փաստում է փաստաբանը: