ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հաշմանդամների ընտրական իրավունքի իրացման խնդիրները
Ապրիլի 27-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նախաձեռնել
էր հանդիպում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և հաշմանդամության խնդրով
զբաղվող ՀԿ-ների հետ:
«Արդար ընտրությունները ենթադրում են բոլորի համար մատչելի ընտրություններ:
Մենք կարող ենք ունենալ առանց լցոնումների, առանց կեղծիքների, առանց սխալ հաշվարկների
ընտրություններ, բայց եթե այդ ընտրությունները մատչելի չեն եղել բոլոր շերտերի, բոլոր
մարդկանց համար, ուրեմն այդ ընտրություններն արդեն ի սկզբանե կարող են համարվել մասնակի
անարդար»,- իր խոսքում նշեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը
հակադարձեց պաշտպանին՝ նշելով, որ «անարդար ընտրություններն այլ կատերագորիա է և պետք
չէ շփոթել»: Նա հավելեց, որ իրենք առանձնակի ուշադրություն են դարձնում տարբեր տեսակի
հաշմանդամություն ունեցող անձանց՝ ընտրական գործընթացին լիարժեք մասնակցության խնդրին:
«ԿԸՀ-ն շուտով կգործարկի իր նոր կայքի հատուկ բաժինը, որը նախատեսված
է թույլ տեսնող անձանց համար: Այնտեղ ոչ միայն մեծ տառատեսակ է օգտագործվելու, այլև
գունային հատուկ համադրումներ են լինելու, որոնք թույլ կտան հեշտորեն ընթերցել գրվածը»,-
նշեց Տիգրան Մուկուչյանը:
Տեսողության խնդիրներով մարդիկ քվեախցում կարող են քվեարկել
միայնակ՝ բրալյան տառերով կազմված հատուկ կաղապարի օգնությամբ: Այս տարի առաջին անգամ
ԿԸՀ-ն հրատարակել է բրայլյան լեզվով ուղեցույց, որի նպատակն է իրավական գիտելիքներ
հաղորդել կույր ընտրողներին:
ՀԿ-ները հնարավորություն ունեցան ընտրական գործընթացում հաշմանդամություն
ունեցող մարդկանց խնդիրների մասին բարձրաձայնել և պարզաբանումներ ստանալ ԿԸՀ նախագահից:
Այս տարի 2 տոկոսով ավելացել են թեքահարթակով հարմարեցված մուտք
ունեցող ընտրատեղամասերը: «Փարոս» ՀԿ նախագահ Սուրեն Օհանյանի ներկայացրած տվյալներով՝
1982 ընտրատեսամասերի 85 տոկոսը դեռևս անմատչելի է սայլակավոր հաշմանդամների համար:
Տիգրան Մուկուչյանը հավաստիացրեց, որ տեղական ինքնակառավարման
մարմինները շարունակում են թեքահարթակներ կառուցել, և հույս հայտնեց, որ դրանց թիվը
մինչև ընտրությունների օրը կավելանա:
Սուրեն Օհանյանը նաև նշեց, որ լսողության խնդիրներ ունեցող ընտրողները
հնարավորություն չունեն հետևել նախընտրական քարոզարշավին, տեղեկանալ, թե ո՞ր կուսակցությունն
ի՞նչ է առաջարկում, որպեսզի կայացնեն գիտակցված որոշում՝ ո՞ւմ ընտրել:
«Աշխարհն առանց արգելքների» ՀԿ նախագահ Արման Մուշեղյանը, ով
պատգամավորի թեկնածու է, հիշեցրեց, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ ունեն ոչ միայն
ընտրելու, այլև՝ ընտրվելու իրավունք, սակայն քաղաքական ուժերը դեռ պատրաստ չեն նման
հնարավորություն ընձեռել հաշմանդամներին: Մուկուչյանը հրաժարվեց գնահատական տալ կուսակցությունների
գործելաոճին, միայն նշեց, որ օրենքը հաշմանդամներին ընտրվելու հավասար հնարավորություններ
է ընձեռում:
«Այն քաղաքացիները, ովքեր անկողնային հիվանդ են
և չեն գտնվում ստացիոնար բուժման
մեջ, զրկված են
ընտրելու իրավունքից»,- ԿԸՀ նախագահին դիմեց «Ունիսոն» ՀԿ նախագահ
Արմեն Ալավերդյանը: Նա առաջարկեց, որ ներդրվեն տարբեր մեխանիզմներ՝ այդպիսի մարդկանց
ընտրական իրավունքն ապահովելու համար: Դրանք են՝ շրջիկ քվեատուփերը,
էլեկտրոնային քվեարկությունը կամ լիազորագրով քվեարկությունը:
Տիգրան Մուկուչյանը նշեց, որ այս տարի առաջին անգամ
ներդրվել է էլեկտրոնային քվեարկությունը, որն իրեն արդարացնելու դեպքում գուցև հետագայում
ավելի մեծ կիրառում ստանա, իսկ շրջիկ քվեատուփերով քվեարկությունն ավելի սահմանափակ
է դարձել, քանի որ նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ դրանք չարաշահումների պատճառ
են դառնում:
