Արթուր Գրիգորյանը «Հրապարակի» գործով դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան

Փաստաբան Արթուր Գրիգորյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ բողոքարկելով ՀՀ
վերաքննիչ դատարանի կողմից իրենց բողոքը վարույթ չընդունելու որոշումը: Այս մասին www.hra.am–ին փոխանցեց Գրիգորյանի փաստաբան Տիգրան
Աթանեսյանը:

Հիշեցնենք, որ փաստաբան Արթուր Գրիգորյանը վիրավորվել էր «Հրապարակ» օրաթերթի էլեկտրոնային կայքում՝ hraparak.am-ում, դեռևս օգոստոսին տեղադրված «Քաղաքացիներն անբարեխիղճ փաստաբանների զո՞հ» հոդվածի տակ ընթերցողների թողած կարծիքներից: Փաստաբանն օրաթերթից 18 միլիոն դրամ էր պահանջում իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար: Ըստ հայցի՝ ընթերցողների մեկնաբանություններից յուրաքանչյուրը պարունակում է զրպարտություն և վիրավորանք։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 7-ին մերժեց փաստաբան Արթուր Գրիգորյանի հայցն ընդդեմ «Հրապարակ»
օրաթերթի՝ անհիմն լինելու պատճառով: Դրանից հետո Գրիգորյանը դիմեց ՀՀ վերաքննիչ
դատարան, որն էլ հրաժարվեց քննության առնել նրա բողոքը:

ՀՀ վճռաբեկ դատարանը որոշում կկայացնի մեկ ամսվա ընթացքում։