Ոստիկանությունում բարեփոխումները կիսատ են իրականացվել

ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011թթ. բարեփոխումների
ծրագիրն իրականացվել է կիսով չափ. այս մասին փաստեցին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի
Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակի աշխատակիցներն՝ այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:

«ՀՀ ոստիկանությունը բարեփոխվելու ճանապարհին կատարել է իր միջոցառումների
37 տոկոսը, իսկ 49 տոկոսը չի կատարվել ընդհանրապես: Նպատակներից իրականություն են դարձել
17 տոկոսը, իսկ 24-ը մնացել են անկատար»,-  ասում է ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Ուսումնասիրությունները կատարելու համար գրասենյակն օգտագործել
է ոստիկանության հրապարակած հաշվետվությունն ու կայքում  տեղադրած տվյալները,  որոնք թերի են:

«Մենք արձանագրել ենք, որ ոստիկանապետի 24 հրամաններից ու ցուցումներից  միայն մեկն է տեղադրված եղել ՀՀ իրավական տեղեկատվության
էլեկտրոնային համակարգում, այն դեպքում երբ դա բարեփոխումների ծրագրի իրավական ակտ
է: Որևէ տեղեկատվություն հաշվետվությունը չի պարունակում նախատեսված ու իրականացված
ֆիանանսական ծախսերի մասով: Չեն ներկայացվում նաև օրենսդրական փոփոխությունները, նպատակները
ազդեցությունը: Այսինքն, թե ինչ խնդիր է դրանով լուծվել, չկա գրված»,- ասում է Սաքունցը:

ՀՔԱՎ-ը հրավիրել էր  ՀՀ ոստիկանության աշխատակիցներին այս վերլուծության
հրապարակմանն ու քննարկմանը. ասուլիսին ներկա էր միայն ՀՀ ոստիկանության կենտրոնական
բաժնի աշխատակիցներից Էդգար Պետրոսյանը, ով այդպես էլ որևէ կարծիք չհայտնեց: Իսկ ապրիլի
16-ին Հելսինկյանի գրասենյակի վրա կատարված հարձակման ու այդ օրը ոստիկանների անգործության
մասին առաջին անգամ էր լսում:

Անդրադառնալով ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության պատճառով
առաջացած քաշքշուկին ու իրենց գրասենյակի վրա քարերով ու հայհոյանքներով
քաղաքացիների հարձակմանը՝ Սաքունցը հայտարարեց, որ Հայաստանում կան պետության կողմից
աջակցություն ստացող հատուկ խմբեր, ովքեր էլ իրականացնում են նման գործառույթ:

«Թեև մեր տեսախցիներն արձանագրել են քար նետողներին, բայց մինչև
այսօր մեր ոստիկանությունը չի կարողանում պարզել, թե ովքեր են նրանք ու գտնել կազմակերպիչներին:
Իսկ միջոցառման օրը ներկա էր միայն 4 ոստիկան, ովքեր միայն կողքից էին դիտում, թե ինչպես
են մեր պատուհանների վրա քար նետում»,- պատմում է Սաքունցը:

Իրավապաշտպանները չեն հասկանում, թե ինչպես Մաշտոցի պուրակում
խաղաղ պայքարող քաղաքացիական ակտիվիստների դեմ դուրս էին եկել տասնյակ ոստիկաններ կիսակառույց
բուտիկները պաշտպանելու համար, իսկ Վանաձորում կամ Գյումրիում նախօրոք սպառնալիքներ
հնչեցրած քաղաքացիների դեմ ընդամենը 4 հոգի էր ներկա ոստիկանությունից:

Սաքունցը նշեց, որ ոստիկանների անօրիանական գործողությունների
մասով իրենց կազմակերպությունն արդեն երեք գործ ունի Մարդու իրավունքների եվրոպական
դատարանում: Նա պնդում է, որ ՀՀ քաղաքացիներին ոստիկանության ներկայացուցիչները հաճախ
բերման են ենթարկում առանց համապատասխան փաստաթղթերի, խուզարկություն անցկացնում են
այն մարդկանց բնակարաններում, ովքեր գործի հետ չեն առնչվում որպես վկա, տուժող կամ
այլ իրավական կարգավիճակով:

«Ոստիկանությունում շարունակվում է մարդկանց նկատմամբ վատ վերաբերմունքի
պրակտիկան: Քաղաքացիկների մոտ տիրում է վախի մթնոլորտ, դրա համար նրանք հետագայում
չեն պաշտպանում իրենց իրավունքենրը»,- համոզված է Սաքունցը:

Իրավապաշտպանն այս տվյալները ներկայացնում է հաստատելու համար,
որ ՀՀ ոստիկանությունը միայն ասում է, որ բարեփոխումների է ենթարկվում, բայց փաստերն
այլ բան են հուշում: