ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԶԼՄ–ների դեմ հայցերը քչացել են, փոխհատուցման գումարները՝ կրճատվել
Զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ դատական պրակտիկան զարգանում է դրական ուղղությամբ. այս եզրակացությանն է եկել «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ-ն իր կատարած մոնիտորինգի արդյունքում:
Իրավաբան-փորձագետներ Արտակ Զեյնալյանը և Արա Ղազարյանն ուսումնասիրել են 2010թ. հունիսից մինչև 2012թ. մարտը Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով (զրպարտություն և վիրավորանք) ԶԼՄ-ների դեմ ներկայացված 44 դատական հայցերը: Գործերը դատարան են ներկայացրել ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, իսկ լրատվամիջոցները հանդես են եկել որպես պատասխանող կողմ:
«Զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացումից հետո մենք կանխատեսում էինք, որ լրատվամիջոցների դեմ ներկայացվող դատական հայցերի թիվը կտրուկ կշատանա, ինչպես եղավ Ռուսաստանի Դաշնությունում: Այդպես էլ եղավ, ամիս կար, որ 6-7 դատական հայց էր ներկայացվում ԶԼՄ-ների դեմ: Դրականն այն է, որ այդ դինամիկան արագ նվազեց, ինչը չենք կարող ասել ՌԴ-ի դեպքում»,- իր խոսքում նշեց Արա Ղազարյանը:
Ըստ մոնիտորինգի արդյունքների՝ ամենամեծ թվով դատական հայցեր են ներկայացվել 2011թ. օգոստոսին (7 հայցադիմում):
Դատական գործերի քանակի կտրուկ նվազումը (2011թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից սկսած) համընկնում է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Սահմանադրական դատարան դիմելու ժամկետի հետ: Հիշեցնենք, որ պաշտպանը վիճարկում էր Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի սահմանադրականությունը:
«Կարծում ենք, որ ՍԴ որոշումը զսպող ազդեցություն է ունեցել զրպարտության և վիրավորանքի հիմքերով լրատվամիջոցների դեմ ներկայացվող գործերի քանակի վրա»,- նշում է Արտակ Զեյնալյանը:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գործերի մեծ մասի դեպքում հայցվորը սովորական քաղաքացի է (11 դատական հայց): Հայցվորներից 9-ը եղել են պետական պաշտոնյաներ, 10-ը՝ քաղաքական գործիչ, որից 3-ը դատարան են դիմել մեկ հայցապահանջով, 8 հայց են ներկայացրել առևտրային ձեռնարկությունները և այլն:
Հայցապահանջներից 33-ը վերաբերել է տպագիր մամուլում հրապարակված տեղեկատվությանը, 12-ը՝ էլեկտրոնային մամուլում, իսկ 5-ը՝ հեռուստատեսային հրապարակումներին: «Առավել խոցելի վիճակում է եղել տպագիր մամուլը»,- ասում է Արա Ղազարյանը:
Ամենաշատ հայցվող իրավական պաշտպանության միջոցը եղել է զրպարտության կամ վիրավորանքի դիմաց դրամական փոխհատուցման պահանջը (44 գործերից 38-ով), այնուհետև հերքումը (32 գործով) և դատական ծախսերի փոխհատուցման պահանջը (25 գործով): Վիրավորանքի դիմաց ներողություն խնդրելու պահանջ հայցվել է 10 գործով, իսկ պատասխանի հնարավորություն տրամադրել՝ 7 գործով: Եղել է վճռի հրապարակման պահանջ՝ 4 գործով:
Ըստ ուսումնասիրության՝ դրամական փոխհատուցման պահանջը տատանվել է հիմնականում 2-4 միլիոն դրամի շրջանակներում: Առավելագույն փոխհատուցումը՝ 18 մլն դրամ, ներկայացվել է փաստաբան Արթուր Գրիգորյանի կողմից, իսկ նվազագույնը՝ 1 լումա, Լոռու մարզի Լեռնապատ գյուղի գյուղապետ Վանո Եղիազարյանի կողմից:
«Մեր կարծիքով՝ քաղաքացիական հասարակության ակտիվության ու ճնշումների արդյունքում է, որ դատարանները սկսեցին փոխել իրենց մոտեցումը և սկսեցին կրճատել փոխհատուցման գումարների չափերը»,- ասում է Արա Ղազարյանը:
Բոլոր 44 գործերով պահանջվել է, ընդհանուր առմամբ, 114,5 միլիոնից ավելի գումար, դատարանների կողմից բավարարվել է մոտ 10 միլիոնը (11 տոկոսը):
Փորձագետների կարծիքով՝ ԶԼՄ-ների դեմ 1087.1 հոդվածով ներկայացված դատական գործերն, ընդհանուր առմամբ, դրական զարգացում ունեն: Նվազել են ԶԼՄ-ների դեմ ներկայացվող հայցերը, իսկ այս տարի, մարտի 1-ի դրությամբ, դատարան ներկայացված նոր հայցեր չկան:
«Ավելի հաճախակի են դարձել դեպքերը, երբ հայցվորները դրամական փոխհատուցում չեն պահանջում: Մեծացել է հաշտությամբ ավարտվող դատական վեճերի թիվն, ավելի շատ են ձգտում վեճերը արտադատական կարգավորման եղանակով լուծել»,- գրված է զեկույցի եզրահանգման բաժնում:
Զեկույցի հեղինակ իրավաբան-փորձագետները նշում են, որ դատական գործերի մի մասը դեռ ավարտված չէ: Նրանք շարունակելու են մոնիտորինգը և ամբողջական պատկերը կներկայացնեն այս տարվա վերջին:
