ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Իրավունքի խախտման փաստն ընդունել են, բայց փոխհատուցումն ուշանում է
Այն բնակարանները, որոնք Հայաստանի Հանրապետությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առջև պարտավորվել է տրամադրել օտարված Բյուզանդի 25 հասցեի 3 սեփականատերերին՝ որպես փոխհատուցում, ուրիշին են պատկանում:
«Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ն մարտի 28-ին հարցում է ուղարկել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին: Պատասխանում նշված է, որ Ամիրյան փողոց 4/6, բնակարան 31 հասցեի անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է «Գոհար» ՓԲԸ-ին, Ամիրյան 4/6 շենքի բն. 40 հասցեի սեփականտերը Զարուհի Գեորգիի Նալբանդյանն է, իսկ Ամիրյան 4/6 շենքի բն. 63 հասցեն գրանցված է Գենրիխ Գրիգորևիչ Բալյանի անունով: Դրանք հենց այն բնակարաններ են, որոնք ՀՀ կառավարությունը առաջարկել է որպես փոխհատուցում տրամադրել Բյուզանդի 25 հասցեից հարկադիր օտարված Սեդրակ Բաղդասարյանին, Լևոն Ղասաբյանին և Գրիգորի Հովհաննիսյանին:
Այս մասին «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը հայտնեց ապրիլի 7-ին հրավիրած ասուլիսի ժամանակ:
Ավելի վաղ Ս.Բաղդասարյանը www.hra.am –ին տեղեկացրել էր, որ պետությունը չի կատարում ՄԻԵԴ առջև ստանձնած իր պարտավորությունը և 3 ամսվա ընթացքում չի տրամադրել խոստացված բնակարանները: Նրա խոսքերով՝ պետությունը, փաստորեն, ընդունել էր, որ խախտել է այդ մարդկանց սեփականության իրավունքը և առաջարկել էր որպես փոխհատուցում տրամադրել կրկնակի մակերեսով բնակարան իրենց նախկին տների տեղում կառուցված շենքում: Այդ առաջարկի հիման վրա ՄԻԵԴ-ը որոշել էր երեք սեփականատերերի դիմումը հանել քննարկումից և ժամանակ տալ Հայաստանի կառավարությանը փոխհատուցումը տրամադրելու համար:
Մարտի 26-ին Բյուզանդի 25 հասցեի նախկին երեք սեփականատերերը նամակով դիմել են ՄԻԵԴ և խնդրել իրենց բողոքները վերականգնել, քննել և դրա վերաբերյալ կայացնել վճիռ, քանի որ ժամկետը վաղուց սպառվել է, իսկ ՀՀ-ն չի ցանկանում կատարել որոշման պահանջը: Դիմումատուներն ակնկալում են, որ ապրիլի վերջին պատասխան կունենան՝ արդյո՞ք վերականգնվել է գործը:
Ի դեպ, ՀՀ կառավարության ապրիլի 5-ի նիստում քննարկվել է ՀՀ քաղաքացիների գանգատներով ՄԻԵԴ կայացրած որոշումների կատարման համար հատկացնել 63 հազար 545 եվրո, 120 հազար ԱՄՆ դոլար և 29 մլն 520 հազար դրամ՝ որպես փոխհատուցում վճարելու նպատակով: Սակայն վերը նշված երեք անձանց բնակարանային փոխհատուցման վերաբերյալ Կառավարության որոշման մեջ ոչինչ նշված չէ:
