ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նախընտրական հեռարձակում. կան և՛ թերություններ, և՛ առավելություններ
Մարտ ամսին «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունների բարեգործական ակցիաներին նվիրված սոցիալական ուղղվածության թեմաներով տեսանյութեր են հեռարձակվել հեռուստաեթերով, որոնք պարունակում են թաքնված քաղաքական գովազդի անուղղակի հատկանիշներ. այս մասին ապրիլի 6–ին հայտարարեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
Նա ներկայացրեց Հայաստանում 2012թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հեռարձակվող ԶԼՄ-ների մշտադիտարկման միջանկյալ մեկամսյա հաշվետվությունը: Երևանի մամուլի ակումբն ուսումնասիրել է 15 քաղաքական կուսակցությունների լուսաբանումը 7 հեռուստաալիքների շրջանականերում 2012թ.-ի մարտի 1-31-ի ընթացքում:
«Հեռուստաընկերությունները ներկայացրել են գրեթե նույն սյուժեները՝ ինչպես տեսաշարով, այնպես էլ՝ տեքստով: Դրանք հիմնականում ցուցադրվել են «Կենտրոն» և «Հ2» հեռուստաալիքներով: Նման նյութեր հազվադեպ ցուցադրվել են նաև «Երկիր մեդիայի» եթերով»,- ասված է հաշվետվությունում:
Ընդհանուր առմամբ՝ հեռուստաընկերությունները չեն պահպանել լուսաբանման հավասարություն, քանի որ անդրադարձների քանակը տարբեր է եղել: Ամենաշատ անդրադարձ ստացել են կոալիցիոն կուսակցությունները՝ «Հայաստանի հանրապետական կուսակցությունը»՝ 489, «Բարգավաճ Հայաստանը»՝ 326, «Հայ հեղափոխական դաշնակցությունը»՝ 319, «Ժառանգությունը» 307, Հայ ազգային կոնգրեսը՝ 301, «Օրինաց երկիրը»՝ 233:
«Հաշվետվության մեջ մենք «Միավորված հայեր» կուսակցությանն անդրադարձել ենք մարտի 21-ից սկսած, քանի որ միայն այդ ժամանակ պարզ դարձավ, որ իրենք էլ են միանում ընտրապայքարին»,- ասաց Բորիս Նավասարդյանը:
Մշտադիտարկման հաշվետվության ներառած ժամանակահատվածի գլխավոր առանձնահատկությունը միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների լուսաբանումն է: Հետազոտված հեռարձակողների կողմից «Ազատ դեմոկրատների» անդրադարձների մոտավորապես 75%-ը և «Ժառանգության» անդրադարձների շուրջ 35%-ն արձանագրվել են միևնույն նյութերում:
«Եթե միավորելու լինենք երկու կուսակցություններին անդրադարձները և եթերաժամանակը, ապա նրանց ալյանսը հետազոտված բոլոր ալիքների ցուցանիշների հանրագումարով երկրորդ տեղում կհայտնվի ՀՀԿ-ից հետո: Ավելին, անդրադարձների հաճախականությամբ այն առաջ կանցնի բոլորից, այդ թվում՝ ՀՀԿ-ից Հ1-ում և «Արմենիայում», իսկ եթերաժամանակի ծավալով՝ «Արմնյուզում» և «Շանթում»: Երկու կուսակցություններին այս ուշադրությունը, հավանաբար, հարկ է բացատրել հենց միասնական ցուցակով նրանց հանդես գալու փաստով և վերջինիս առնչությամբ ծագած հարցերով, մեկնաբանություններով»,- նշված է հաշվետվությունում:
Ուսումնասիրության ընթացքում գրացվել են նաև դրական միտումներ: Լրագրողները աշխատում են իրենք գնահատականներ չտալ՝թողնելով այդ իրավունքը լսարանին:
«Նոյեմբեր- դեկտեմբեր ամիսներին մենք դիտարկում էինք արել ու պարզել, որ լրագրողները գնահատականներ տվել են 9,6 տոկոսով, իսկ այժմ այն կազմում է 3,8 տոկոս»,- փաստեց Բ. Նավասարդյանը:
Մշտադիտարկողները նկատել են նաև անհավասարություն եթերով հեռարձակվող նյութերի ասելիքում. հեռուստաալիքներով Հայ ազգային կոնգրեսի վերաբերյալ գրանցվել է 0 դրական և 11 բացասական անդրադարձ:
Նավասարդյանն անհանգստություն արտահայտեց այս փաստի շուրջ, քանի որ մյուս կուսակցությունների դեպքում այսպիսի պատկեր չի եղել:
«Խնդիրը շտկման կարիք ունի ապագայում, քանի որ պետք է ապահովվի բազմակողմանիություն նյութերը լուսաբանելու ժամանակ»,- խորհուրդ տվեց հեռուսաընկերություններին Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը:
