ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Բժիշկները չհաստատեցին ոստիկանության «դիագնոզը»

Ոստիկանության Նորք-Մարաշի տարածքային բաժանմունք բերված, այնուհետև
Նորքի հոգեբուժական հիվանդանոց տեղափոխված Երվանդ Կարապետյանը ժամը 18:00-ի սահմաններում
ազատ է արձակվել: Ոստիկանությունը գրությամբ դիմել էր հոգեբուժարանին՝ միջնորդելով ընդունել
Երվանդ Կարապետյանին հոգեբուժարան՝ «բուժվելու նպատակով»:
Հոգեբուժարանի բժիշկները Երվանդի և ոստիկանների հետ խոսելուց
հետո նախ զարմանք հայտնեցին, թե ինչի՞ց են ոստիկանները եզրակացրել, որ նա հոգեկան հիվանդ
է: «Դե, ահազանգ եղավ, պարտավոր էինք ստուգել»,- պարզաբանեց ոստիկաններից մեկը, ով
հրաժարվեց ներկայանալ:
Բժիշկների՝ երեք հոգուց բաղկացած հանձնաժողովը եզրակացություն
գրեց այն մասին, որ հոգեկան շեղման որևէ ախտանիշ չեն տեսնում և Երվանդ Կարապետյանը
հասարակության համար վտանգ չի ներկայացնում: Հետո այդ թուղթը ոստիկանները տարան պատճենահանելու
և հետ չբերեցին: «Անհետացավ» թե՛ բժիշկների գրած եզրակացությունը, թե՛ այն փաստաթուղթը,
որի հիման վրա Ե.Կարապետյանին ուղարկել էին հոգեբուժարան:
Մոտ երկու ժամ անց՝ հոգեբուժարանում հավաքված մի խումբ իրավապաշտպանների
բարձրացրած աղմուկից հետո, կորած եզրակացությունը «հայտնվեց», և փոխգնդապետ Հակոբյանն
ասաց, որ Երվանդ Կարապետյանը կարող է տուն գնալ: Նա Կարապետյանին չտրամադրեց իր առողջության
վերաբերյալ բժիշկների կազմած եզրակացության պատճեն, նույնիսկ թույլ չտվեց կարդալ:
«Կդիմեք ոստիականություն, կտան, կծանոթանաք»,- ասաց փոխգնդապետ Հակոբյանը և հեռացավ:
