ՄԻՊ. բազմաթիվ դեպքերում անձն անհիմն «հրավիրվել է» ոստիկանության բաժին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը 
2011թ. իր զեկույցում անդրադառնալով ոստիկանության գործունեությանը` նշել է, որ որոշ դեպքերում հետաքննության և նախաքննության մարմինները ցուցմունքներ կորզելու նպատակով անձանց ենթարկել են դաժան, անմարդկային, ինչպես նաև՝ պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի։

ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

-Որոշ դեպքերում հետաքննության և նախաքննության մարմինները ցուցմունքներ կորզելու նպատակով, անձանց ենթարկել են դաժան, անմարդկային ինչպես նաև պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի: 

-Բազմաթիվ դեպքերում անձն անհիմն «հրավիրվել է» ոստիկանության բաժին, իր կամքին հակառակ պահվել բաժնում` փաստացի զրկվելով ազատությունից, չունենալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան կարգավիճակ: 

-Հաճախակի են եղել դեպքերը, երբ հանցանք կատարելու մեջ կասկածվող անձին ոստիկանության բաժին բերման ենթարկելուց հետո 3 ժամից ավել (առանց կարգավիճակ տալու) պահել են բաժնում՝ խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131.1 հոդվածի պահանջները: 

-Բազմաթիվ են դեպքերը, երբ հանցագործության մասին հաղորդումներին քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված կարգով ընթացք չի տրվել և այդպիսիք, այսպես կոչված, «կցվել են շարք»: 

-Որոշ դեպքերում ոստիկանության աշխատակիցների կողմից անձից, առանց օրինական հիմքի, վերցվել է անձնագիրը և պահվել իբրև երաշխիք: 

-Շատ դեպքերում հանցագործության հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած անձանց դատաբժշկական փորձաքննության ուղեգիր չի տրամադրվել կամ տրամադրվել է անհարկի ձգձգումներով, երբեմն էլ՝ ժամանակավրեպ: 

-Բազմաթիվ են դեպքերը, երբ խախտվել են հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով («Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը») սահմանված ժամկետները: 

-Նյութերի նախապատրաստման ընթացքում տրված բացատրություններում առկա հակասությունների պարագայում երբեմն չեն հարուցվել քրեական գործեր, ինչը հնարավորություն կընձեռեր նախաքննություն իրականացնող մարմնին գործի օբյեկտիվությունը, լրիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նպատակով իրականացնել առերես հարցաքննություններ: 

-Որոշ դեպքերում խախտվել են ձերբակալվածների պահման վայրերում կալանավորված անձանց պահելու ժամկետները: 

-Հետաքննության և նախաքննության ընթացքում երբեմն անձինք հրավիրվել են հարցաքննության ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի պահանջների խախտումով: 

-Առանձին դեպքերում ոստիկանության բաժիններ բերման ենթարկված անձինք զրկվել են պաշտպան ունենալու իրավունքից: 

-Եղել են բողոքներ, որ հետախուզվող անձին հայտնաբերելու պատրվակով, ոստիկանության աշխատակիցները մուտք են գործել անձի բնակարան և առանց դատարանի համապատասխան որոշման իրականացրել խուզարկություն: 

-Հաճախ անձնագրերի և վիզաների վարչությունում ու տարածքային ստորաբաժիններում անհիմն մերժվել են ՀՀ քաղաքացիներին անձնագրերի տրամադրումը՝ հաշվառված չլինելու պատճառաբանությամբ:

Ոլորտի դրական զարգացումները

-2011 թվականի վերջին երկու ամիսներին փոխվել է ոստիկանության արձագանքը իր աշխատակիցների կողմից կատարվող բռնությունների և խախտումների ահազանգերին և նման բողոքի կապակցությամբ Պաշտպանի 2011 թվականի վերջին միջնորդությանը տրվել է դրական ընթացք: Այսպես՝ քաղաքացի Ա. Ա.-ն հայտնել էր, որ քննիչ Ս. Սեդրակյանը իրեն անպարկեշտ ձևով նսեմացրել, վիրավորել, ինչպես նաև թույլ է տվել մի շարք քրեադատավարական նորմերի խախտումներ: Կատարված ծառայողական քննությամբ, քննիչ Ս. Սեդրակյանը ՀՀ ոստիկանության պետի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից: 

–Բարելավվել են ճանապարհային երթևեկության կանոների խախտումները հայտնաբերելու գործընթացը՝ այդ նպատակով տեղադրելով տեսանկարահանող և լուսանկարահանող սարքեր:

-ՀՀ ոստիկանության կողմից մշակվել են Երևան քաղաքի վարչության կազմում օպերատիվ արձագանքման կենտրոնի և Երևան քաղաքի մարդաշատ վայրերում տեսադիտարկման համակարգերի ներդրման հայեցակարգերը, ինպես նաև դրանց տեխնիկական առաջադրանքները և ֆինանսական հաշվարկները: 

-Հաստատվել է «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակն է` բարելավել ոստիկանության ծառայողների իրավական պաշտպանվածության աստիճանը, ստեղծել ոստիկանության ծառայողների նկատմամբ ծառայողական քննություն իրականացնող մշտապես գործող հանձնաժողով: 

–ՀՀ ոստիկանության պետի կողմից 2011 թվականի նոյեմբերին ստորագրվել է «Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժիններում ներդրվող համայնքային ոստիկանության ստորաբաժանումներում նշանակման ենթակա ոստիկանության ծառայողների վերապատրաստման դասընթացների կազմակերպման մասին» թիվ 3327-Ա հրամանը, որի նպատակն է` խթանել թաղային (համայնքային) ոստիկանության մոդելի ներդրմանը:


Տարեկան զեկույցի սույն բաժինն (17) ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։

Տարեկան զեկույցը կազմվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, օրենսդրության վերլուծության, մամուլի արժանահավատ և չհերքված հրապարակումների, միջազգային և տեղական կազմակերպությունների զեկույցների, ինչպես նաև ոլորտի մասնագետների ու իրավապաշտպանների հետ հարցազրույցների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա: