ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՄԻՊ–ն անդրադարձավ նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը

Մարդու իրավունքների պաշտպանը 2011թ. իր տարեկան զեկույցում գնահատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեության ոլորտի զարգացումները. «Նախարարության կողմից բավարար չափով չեն բարձրաձայնվել արհեստակցական միությունների կայացման խնդիրները, և չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ այդ խնդիրներին համակարգային լուծում տալու ուղղությամբ»,– որպես թերություն նշել է ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:
Առկա թերություններն ու խնդիրները
-Դեռևս կարգավորված չէ աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների հետևանքով անձի կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցում ստացող այն անձանց խնդիրները, որոնց պատճառված վնասի համար պատասխանատու կազմակերպությունները լուծարվել են 2004 թվականի օգոստոսի 1-ից հետո:
-Թեև զգալիորեն բարելավվել են ՀՀ աշխատանքի պետական տեսչության ստուգումների արդյունավետությունը բնութագրող քանակական և որակական ցուցանիշները, այնուամենայնիվ, քաղաքացիները շարունակել են դժգոհել գործատուների կողմից առանց աշխատանքային պայմանագիր կնքելու անձանց աշխատանքի վերցնելու, աշխատավարձ չվճարելու, աշխատանքից կամայական ազատելու, վերջնահաշվարկ չկատարելու, արձակուրդի համար չվճարելու բազմաթիվ դեպքերից:
-Օրենսդրական փոփոխությունների արդյունքում սահմանվել է միայն Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի կողմից վավերացված լիազորագրով կենսաթոշակի վճարման կարգը, ինչը հանգեցնում է ՀՀ-ից ժամանակավոր կամ մշտական բնակության մեկնած քաղաքացիների սոցիալական ապահովության իրավունքի սահմանափակմանը: Նշված օրենսդրական փոփոխությունների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը պարզելու նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան:
-Թեև 2010թ. հունիսի 24-ի «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման արդյունքում օրենսգրքի որոշ դրույթներ համապատասխանեցվել են Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաների և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի պահանջներին, իսկ որոշ փոփոխություններ էլ ուղղված են եղել գործարար միջավայրի բարելավմանը, այդուհանդերձ, չլուծված են մնացել մի շարք օրենսդրական բացեր, որոնք հանգեցնում են աշխատողների իրավունքների խախտումների:
-Թեև 2009թ. հանրապետության մարզերի 937 համայնքներում իրականացվել են վերապատրաստումներ համայնքներում գործող խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների համար, այդուհանդերձ, մտահոգիչ է այդ հանձնաժողովների գործունեության արդյունավետության խնդիրը, և նախարարության կողմից ձեռնարկված միջոցները բավարար չեն եղել խնդրին համալիր լուծում տալու համար:
-Բավարար միջոցներ չեն ձեռնարկվել ռիսկային խմբի երեխաների խնդիրների կանխարգելման ուղղությամբ: Առանձին դեպքերում հանդիպում են նաև որևէ ծրագրում չընդգրկված թափառաշրջիկ և մուրացիկ երեխաներ:
-Նախարարության կողմից բավարար չափով չեն բարձրաձայնվել արհեստակցական միությունների կայացման խնդիրները, և չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ այդ խնդիրներին համակարգային լուծում տալու ուղղությամբ:
-Իրականացվող սոցիալական քաղաքականության և սոցիալական վճարների հաշվարկման հիմքում չի դրվել նվազագույն սպառողական զամբյուղի իրական արժեքը:
Արձանագրված դրական զարգացումները
-Բարձրացել է բնակչության խոցելի խավերին ուղղված պետական ծրագրերի հասցեականությունը:
-Ընտանեկան նպաստի համակարգում տվյալների ստուգման արդյունքում 17 հազար ոչ անապահով ընտանիքներ կորցրել են ընտանեկան նպաստի իրավունքը, փոխարենը՝ շուրջ 9 հազար ընտանիք ճանաչվել է կարիքավոր և ընդգրկվել համակարգում:
-Կենսաթոշակային համակարգում ճշգրտվել է 65 հազար անհատական գործ, վերականգվել են գրեթե 5 հազար կենսաթոշակառուի թերվճարված գումարներ, դադարեցվել է 17-18 հազար «ոչ առկա» անձանց կենսաթոշակների վճարումը:
-2011թ. ընթացքում ավելացվել են բոլոր տեսակի պետական նպաստների և կենսաթոշակների չափերը:
Տարեկան զեկույցի սույն բաժինն (1) ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։
Տարեկան զեկույցը կազմվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, օրենսդրության վերլուծության, մամուլի արժանահավատ և չհերքված հրապարակումների, միջազգային և տեղական կազմակերպությունների զեկույցների, ինչպես նաև ոլորտի մասնագետների ու իրավապաշտպանների հետ հարցազրույցների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա:
