ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Արսեն Արծրունին պետք է ազատ արձակվի»,- ասում է փաստաբանը

Արսեն Արծրունու գործով դատական նիստը մարտի 24-ին հերթական
անգամ հետաձգվեց՝ այս անգամ դատախազի չներկայանալու պատճառով:
Դատախազը պատշաճ ծանուցվել էր, սակայն չէր ներկայացել: Դատավորը
ստիպված եղավ նիստը ընդմիջել, որպեսզի պարզի դատախազի չներկայանալու պատճառները: Իսկ
ընդմիջումից հետո հայտարարեց, որ առանց դատախազի նիստը չի կարող կայանալ:
«Գտնում եմ, որ այսօր դատախազի չներկայանալը զուտ դատական նիստը
ձգձգելու դրդապատճառով էր պայմանավորված: Իսկ ձգձգելու միտումը, իմ կարծիքով, այն է,
որ դատախազը դեռ չի ձևավորել վերջնական կարծիք, թե ինչ պետք է անել»,- նիստից հետո
www.hra.am -ին ասաց Արծրունու փաստաբան Նարինե Ռշտունին:
Իսկ նախորդ նիստը հետաձգվել
էր մայր գործի բացակայության և դատավճռի անընթեռնելի լինելու պատճառաբանությամբ:
Հիշեցնենք, որ Արսեն Արծրունին մեղադրվում է երկու տարբեր սպանություններ
դրդելու մեջ և դատապարտվել է ցմահ ազատազրկման: Նա անազատության մեջ է արդեն 17 տարի:
Փաստաբան Նարինե Ռշտունին պնդում է, որ իր վստահորդը պետք է
ազատ արձակվի, որովհետև պատիժ է կրում մի հանցագործության համար, որն ինքը չի կատարել և որի համար չի դատապարտվել դատարանի դատավճռով:
Էրեբունի և Նուբարաշեն համայնքի առաջին ատյանի դատարանը, վերանայելով Արծրունու դատավճիռը, որպեսզի այն
համապատասխանեցնի 2003թ. Քրեական օրենսգրքի փոփոխություններին, թույլ է տվել դատական
սխալ: Ըստ դատարանի 08.08.2006թ. որոշման՝ Արծրունու մեղադրանքի էությունը փոխվել է
և չի համապատասխանում 1996թ. դեկտեմբերին ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական
կոլեգիայի թիվ 10 վճռին: Այսինքն՝ Գերագույն դատարանը նրան մեղավոր է ճանաչել 2 կամ
ավելի անձանց սպանություն դրդելու մեջ, իսկ Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի որոշման մեջ այդ հոդվածը դարձել է
«2 կամ ավելի անձանց սպանություն»:
Արսեն Արծրունու գործով հաջորդ նիստը կկայանա «Նուբարաշեն» ՔԿՀ-ում,
ապրիլի 18-ին` ժամը 12:00-ին:
Լուսանկարը՝ Իննա Մխիթարյանի.Վահան Իշխանյանի բլոգից
