Հաշմանդամ մարդը կարող է աշխատել և հանրային օգուտ բերել

«Եկել է ժամանակը, որպեսզի մենք ձեռնպահ մնանք հաշմանդամություն
ունեցող անձին կենսաթոշակով կամ նպաստով կերակրելու հոգեբանությունից: Եթե հաշմանդամություն
ունեցող մարդն ի վիճակի է աշխատելու, ապա նա պետք է աշխատի»,- մարտի 21-ին «Հաշմանդամություն
ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» ծրագրի շնորհանդեսի
ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:

Նա հավելեց, որ կառավարությունը որդեգրել է աշխատաշուկայում
ոչ մրցունակ խմբերին աջակցելու և նրանց զբաղվածությունը խթանելու քաղաքականություն:
Սակայն պետության ռեսուրսները բավարար չեն, ուստի հաշմանդամ մարդկանց խնդիրների լուծման
համար պետք է միջազգային և տեղական կազմակերպությունների ու կառույցների միասնական
մոտեցումն ու համագործակցությունը:

Այսօր մեկնարկած ծրագիրը նպատակ ունի խթանել հաշմանդամ մարդկանց
աշխատանքի մատչելիությունը և հավասար պայմանները՝ որպես մարդու հիմնարար իրավունք:

Ծրագիրը կիրականացվի Երևանի 10 համայնքներում, Արարատի, Գեղարքունիքի,
Լոռու և Շիրակի մարզերում: Այն ավարտվելու է 2015 թվականին:

«Ծրագրի ռազմավարական խնդիրն է Հայաստանում ստեղծել հաշմանդամություն
ունեցող մարդկանց կայուն աշխատանքով ապահովելու արդյունավետ մոդել»,- իր խոսքում նշեց
ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան:

Ներկայացնելով ծրագիրը՝ նա առանձնացրեց դրա հիմնական ուղղությունները:
Առաջինը հաշմանդամություն ունեցող մարդկանց կարողությունների գնահատումն ու զարգացումն
է: «Հայաստան են ներմուծվելու հատուկ սարքավորումներ և տեստեր, որոնք հնարավորություն
կտան հստակորեն չափելու հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունները և ստանալ
աշխատանքների այն ցանկը, որը նրանք կարող են անել: Այսինքն՝ այլևս չի գործի հաշմանդամ
մարդկանց կարողությունների գնահատման խիստ սուբյեկտիվ և կարծրատիպային մոտեցումը»,-
կարծում է Սարգիզովան:

Հաջորդ քայլը լինելու է հաշմանդամություն ունեցող մարդկանց մասնագիտական
կարողությունների զարգացումը և համապատասխան աշխատանքի տեղավորումը՝ զբաղվածության
գործակալությունների և գործատուների աջակցությամբ: Ծրագրով նախատեսված է նաև հատուկ
կարիքներով մարդկանց համար նոր կամ հարմարեցված աշխատավայրերի ստեղծում: «Ստեղծվելու
է կարի արտադրամաս և սածիլների արտադրամաս (ջերմոցներ), որտեղ աշխատելու են և՛ կանայք,
և՛ տղամարդիկ, և դրանք արտադրանքի իրացման խնդիր չեն ունենալու, որովհետև Երևանի քաղաքապետարանը
աջակցելու է իրացնել ողջ արտադրանքը»,- նշեց ծրագրի տնօրենը:

Ծրագրային խնդիրներից է նաև հանրության իրազեկվածությունը բարձրացնող
նյութերի պատրաստումը և տարածումը, ԶԼՄ-ների հետ համագործակցության միջոցով, ինչպես
նաև՝ աջակցությունը օրենսդրական դաշտի բարելավմանը՝ միջազգային լավագույն փորձի և մոդելների
հիման վրա:

«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության
տնօրեն Իրինա Սաղոյանը նշեց, որ թեև պետությունը ձեռնարկում է դրական քայլեր և որոշումներ,
բայց մեզանում դեռ կան հաշմանդամների իրավունքների խախտման բազմաթիվ օրինակներ:

«Հաշմանդամություն ունեցող անձինք չեն կարողանում օգտվել հասարակական
փոխադրամիջոցներից, մուտք գործել բազմաթիվ պետական, կրթական, հասարակական, մշակութային
հիմնարկներ և հաստատություններ: Հաշմանդամների ընդամենը 7-9 տոկոսն է աշխատում, և սա
շատ ցածր ցուցանիշ է՝ հաշվի առնելով, որ նրանց մեծ մասն ունեն մեծ կարողություններ»,-
ասաց Իրինա Սաղոյանը:

Նրա խոսքերով՝ իրենք փորձելու են փոխել հասարակության և գործատուների
վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, որպեսզի վերջիններս առաջնորդվեն
ոչ թե կարծատիպերով կամ խղճահարությամբ, այլ՝ միայն կարողություններով:

«Մենք նախաձեռնեցինք այս ծրագիրը, որովհետև ցանկացանք ձեռք մեկենել
հաշմանդամություն ունեցող այն անձնանց, ովքեր այսօր ապրում են նվաստացնող նպաստով,
չնայած որ կարող էին աշխատել և հանրային օգուտ բերել, ձեռք մեկնել այն բոլոր հաշմանդամ
երեխաներին, ովքեր վաղը չեն ունենա ապագա, եթե այսօր մենք մեր վերաբերմունքով ու գործով
չապացուցենք իրենց հավասար իրավունքները սովորելու, մասնագիտություն ձեռքբերելու և
հետագայում աշխատելու»,- նշեց Սաղոյանը՝  հույս
հայտնելով, որ ծրագրի արդյունքում ստեղծված համագործակցության մոդելը կլինի մնայուն:

«Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում
զբաղվածության խթանման միջոցով» ծրագիրն իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության
կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ (USAID): Ծրագրի գործընկերներն
ու համագործակիցներն են հաշմանդամության խնդիրներով զբաղվող տարբեր կազմակերպություններ,
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցրեի նախարարությունը, «Զբաղվածության պետական գործակալությունը»,
ՏԻՄ-երը, ՀԿ-ներ, միջին մասնագիտական կրթական հաստատություններ և գործատուներ: