ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մարտի սկզբին լրատվամիջոցներն ավելի հավասարակշռված են գործել
Երևանի մամուլի ակումբը (ԵՄԱ) շարունակում է մշտադիտարկել հեռուստառադիոեթերը՝ պարզելու լրատվամիջոցները որքանով են հավասարակշռված աշխատում նախընտրական շրջանում: ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը մարտի սկզբին դրական տեղաշարժեր է նկատում 2011թ. նոյեմբեր-դեկտեմբերի ամիսներին կատարված դիտարկման համամետ, որի արդյունքները նա ամփոփեց օրեր առաջ:
«Ընդհանուր առմամբ ավելի հավասարակշռված են դարձել լուսաբանումները: Քչացել են գնահատական պարունակող անդրադարձերը կուսակցություններին: Եթե նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին բոլոր անդրադարձների մոտ 10 տոկոսը պարունակում էին գնահատականներ, այսօր այդ թիվը 7,2 տոկոս է: Թաքնված գովազդի ծավալներն է կրճատվել»,- ասում է նա:
Մարտի մեկից ԵՄԱ մշտադիտարկման թիրախում են Հանրային հեռուստատեսության Առաջին ալիքը, «Արմենիա», «Երկիր մեդիա», «Կենտրոն», Հ2, «Շանթ», «Շողակաթ», «Արմնյուզ» հեռուստաալիքները և Հայաստանի հանրային ռադիոն:
Քաղաքական գործընթացներն առավել շատ են լուսաբանվել «Կենտրոն», «Երկիր մեդիա» և «Հ2» հեռուստաըներություններով, իսկ «Շանթը» «Կենտրոնի» համեմատ 15 անգամ ավելի քիչ է անդրադարձել կուսակցություններին:
Նոյեմբեր-դեկտեմբերին գնահատականներ պարունակող նյութերի քանակով «Շանթն» առաջին տեղում էր (28%): Մարտի առաջին տասնօրյակին ԵՄԱ-ն նման բնույթի նյութեր չի արձանագրել: «Դա կարելի կլիներ համարել հավասարակշիռ լուսաբանում, եթե բոլոր քաղաքական ուժերին հավասար եթերաժամանակ տրամադրվեր»,- նշում է Նավասարդյանը:
Այդ օրերին եթերաժամանակի ամենահամաչափ բաշխումը եղել է Հ2-ի և Հանրային ռադիոյի մոտ: «Երկիր մեդիան» առավել մեծ ուշադրություն է դարձրել ՀՅԴ գործունեությանը, իսկ «Կենտրոնը»՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:
ԵՄԱ նախագահի կարծիքով՝ անհավասարակշիռ լուսաբանման մեջ որոշակի դեր են խաղում քաղաքական ուժերի ունեցած ազդեցությունը հեռուստաալիքների վրա, մասնավորապես՝ դրանց սեփականատերերի և նրանց քաղաքական կողմնորոշման գործոնը:
Նա բերում է մի ցայտուն օրինակ, որ երբ կար ԱԼՄ հեռուստաընկերությունը, «Ժողովրդական կուսակցությունը» լուսաբանման ծավալներով առաջին տեղում էր, իսկ հիմա պատկերը ճիշտ հակառակն է:
Մյուս պատճառները, ըստ Նավասարդյանի, թաքնված գրաքննությունն է և քաղաքական ուժերի ոչ համաչափ ակտիվությունը: «Հանրային հեռուստաընկերությունը, թեև սեփականատեր չունի, ունի կառավարող մարմին, սակայն շատ չի տարբերվում մյուսներից: Մենք միշտ ասել ենք, որ եթե կառավարման մարմինը ձևավորվում և ղեկավարում է մեկ անձի՝ հանրապետության նախագահի կողմից, այն չի կարող լինել բավարար չափով հաշվետու ամբողջ հանրության առջև և այն չի կարող լինել անաչառ»,- համոզված է Երևանի մամուլի ակումբի նախագահը:
Մոնիթորինգի արդյունքներով՝ մարտի 1-10 ընկած ժամանակահատվածում ամենաանկողմնակալ և հավասարակշռված լուսաբանումն իրականացրել են «Երկիր մեդիան», Հ2-ը և Հանրային ռադիոն:
Դրական գնահատականներ պարունակող լուսաբանումների գերակշիռ մասը նվիրված է եղել ՀՀԿ-ին և ԲՀԿ-ին, իսկ բացասական գնահատականները հնչել են հիմնականում Հայ ազգային կոնգրեսի հասցեին:
Ամփոփելով մարտի 1-10-ն իրականացված դիտարկման արդյունքները՝ Նավասարդյանը նշում է, որ 10 օրը բավարար չէ վերջնական եզրահանգումներ անելու համար: Բացի այդ, մինչև պաշտոնական քարոզարշավի օրն ընկած ժամանակահատվածը որևէ կերպ չի կարգավորվում, ուստի հեռուստաընկերությունները հետևողական չեն լինում հավասարաչափությունն ապահովելու իմաստով:
Նա հույս է հայտնում, որ ապրիլի 8-ից հետո իրավիճակը կշտկվի, մանավանդ որ այս տարի նախընտրական քարոզարշավի մոնիտորինգ է իրականացնելու նաև Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ):
«Ցանկացած կուսակցություն իրավունք ունի դիմել իր կարծիքներով, բողոքներով, և ՀՌԱՀ-ի մեթոդաբանության մեջ նշված է, որ այդ հիմքերով են իրենք գնահատելու նախընտրական քարոզչության լուսաբանման որակն այս կամ այն հեռուստաընկերության կողմից»,- հավելում է Բորիս Նավասարդյանը:
