Կոծինյանի գործով հրապարակվել են վերաքննիչ բողոքները

Մարտի 15-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում (նախագահող դատավոր՝ Սերգեյ Չիչոյան) հրապարակվել են չորս համածառայակիցների կողմից ծեծվելու հետևանքով մահացած զինծայայող Գևորգ Կոծինյանի գործով վերաքննիչ բողոքները:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ, փաստաբան Էդմոն Մարուքյանը և փաստաբան Կարեն Թումանյանը վերաքննիչ բողոքով պահանջում են, որ դատարանը ճանաչի Գևորգ Կոծինյանի կյանքի իրավունքի խախտման փաստը:

«Մենք գտնում ենք, որ կատարված սպանության համար պատասխանատու է նաև պետությունը, որովհետև պետական մարմնի հսկողության տակ գտնվող անձին են կյանքից զրկել: Մենք նաև պնդում ենք բարոյական վնասի փոխատուցման պահանջը (5 միլիոն դրամ) և այդ պահանջով հասնելու ենք մինչև ՄԻԵԴ, քանի որ ներպետական օրենսդրությունը բարոյական վնասի փոխհատուցում չի սահմանում»,- www.hra.am –ին ասաց Կարեն Թումանյանը:

Վերաքննիչ բողոք էին ներկայացրել նաև ամբաստանյալներ Մարգար Դավթյանի և Տարոն Սուվարյանի պաշտպանները՝ պահանջելով բեկանել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 14.11.2011թ. դատավճիռը և նշանակել արդարացի պատիժ:

Հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 29-ին, ժամը 13:00-ին:

Հիշեցնենք, որ 2011թ. փետրվարի 6-ին ԼՂՀ պաշտպանության բանակի Արայի լեռ զորամասում սպանված 19-ամյա Գևորգ Կոծինյանի մահվան պատճառը, ըստ դատաբժշկական փորձաքննության արդյունքների, սրտի ռեֆլեկտոր կանգն է: Քննությունը պարզել է, որ Կոծինյանին ծեծի են ենթարկել 4 համածառայակիցները, ովքեր եղել են ալկոհոլի ազդեցության տակ:

Կրտսեր սերժանտ Մարգար Դավթյանը դատապարտվել է 11 տարի 6 ամիս, շարքայիններ Տարոն Սուվարյանին և Վահե Աղաջանյանին՝ 11 տարի, ավագ լեյտենանտ Արմեն Ռաֆայելյանը՝ 3 տարվա ազատազրկման։ Արմեն Ռաֆայելյանի նկատմամբ կիրառվել է համաներում և նա ազատվել է պատժի կիրառումից:

Մերի Ալեքսանյան