ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մարդու իրավունքների ոլորտում էական առաջընթաց չկա. Հելսինկյան կոմիտեի տարեկան զեկույցը

2011թ. մարդու իրավունքների ոլորտում էական առաջընթաց չարձանագրվեց, սակայն քաղաքական լարվածությունը թուլացավ հատկապես քաղբանտարկյալների ազատ արձակումով և իշխանության ու ընդդիմության միջև սկսված երկխոսությամբ: Սա Հայաստանի հելսինկյան կոմիտեի «Մարդու իրավունքները Հայաստանում 2011» զեկույցի գնահատականն է ընդհանուր իրավիճակի վերաբերյալ:
«Ընդհանուր առմամբ, նախորդ երկու-երեք տարիների համեմատ իրավիճակը մեղմացել է: Արդյո՞ք սա նշանակում է, որ մարդու իրավունքների ընդհանուր վիճակը բարելավվել է: Ես կխուսափեի նման գնահատականից, որովհետև բարելավման համար պետք են օրենսդրական լուրջ բարեփոխումներ, որոնք լինեն անդառնալի և կախված չլինեն քաղաքական իրավիճակից»,- կարծում է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Զեկույցում ներկայացված է մարդու իրավունքների վիճակը տարբեր ոլորտներում՝ ընտրություններ, դատական համակարգ, խոսքի ազատություն, խղճի և դավանանքի ազատություն, հավաքների ազատություն, երեխայի իրավունքներ, խոշտանգումներ և վատ վերաբերմունք:
Առաջին անգամ Հայաստանի հելսինկյան կոմիտեն բացի իրավիճակը ներկայացնելուց, ներկայացրել է նաև բարելավման առաջարկություններ:
Հայաստանի հելսինկյան կոմիտեի փորձագետ, փաստաբան Ռոբերտ Ռևազյանը, ներկայացնելով ընտրական իրավունքը, առանձնացրեց իրենց համար մտահոգիչ կետերը: Դիտորդ դառնալու համար պարտադիր պայման հանդիսացող որակավորման քննությունները, ըստ Հելսինկյան կոմիտեի, կարող է խոչընդոտ հանդիսանալ տեղական ՀԿ-ների համար՝ դիտորդական առաքելություն իրականացնելիս: Ռևազյանի խոսքերով՝ այս կետի վերաբերյալ մտահոգություն են հայտնել նաև ԵԱՀԿ-ն և Վենետիկյան հանձնաժողովը՝ նշելով, որ դա սահմանափակում է ընտրությունների թափանցիկությունը:
Դատական համակարգի վերաբերյալ այս տարվա զեկույցում ներկայացված է ԵԽ կողմից «Արևելյան գործընկերության» 6 երկրների դատական համակարգերում կատարված ուսումնասիրության արդյունքները: Հայաստանի վերաբերյալ ԵԽ-ն առաջարկել է կատարելագործել դատավորների նշանակման կարգը, այսինքն՝ դատավորների նշանակման լիազորությունը հանրապետության Նախագահից փոխանցել Արդարադատության խորհրդին:
Դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունների դադարեցումը Ռևազյանը անվանում է «զսպաշապիկ» մյուս բոլոր դատավորների և առաջարկում է ՀՀ արդարադատության խորհրդին զերծ մնալ դատավորների նկատմամբ՝ նրանց կայացրած դատական ակտերի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելուց:
Խոսքի ազատություն բաժնում Հելսինկյան կոմիտեն զեկույցում արձանագրում է, որ 2010 թվականին զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացումից հետո երեք տասնյակի հասնող դատական հայցեր են ներկայացվել լրատվամիջոցների դեմ (հիմնականում քաղաքական գործիչների կողմից)՝ փոխհատուցման առավելագույն պահանջով: Գրանցվել է նաև լրագրողների նկատմամբ բռնության 4 դեպք (տվյալները վերցված են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տարեկան զեկույցից):
«Խղճի և կրոնական ազատությունների մասին» ՀՀ օրենքի նախագծում «հոգեորսություն» եզրույթը մտցնելը և այն որպես քրեական հանցագործություն որակելը փաստաբան Ռոբերտ Ռևազյանը համարում է խղճի և դավանանքի ազատության իրավունքի խախտում, որը ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածում:
«Հոգեորսություն» եզրույթը միանշանակ չի ընկալվում և կարող է տարընթերցումների տեղիք տալ»,- մտահոգություն է հայտնում փաստաբանը: Պարտադիր գրանցման պահանջը, կրոնական խմբերի նկատմամբ վերահսկողության սահմանումը և լուծարման հավանականությունը կազմակերպությունը համարում է անհարկի սահմանափակումներ, որոնք հակասում են միավորումների ազատության սկզբունքին:
Իսկ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների դեմ հարուցված քրեական գործերը, ըստ Ռևազյանի, իրավական հիմքերից զուրկ են և անհանդուրժողական վերաբերմունքի դրսևորում:
Հայաստանի հելսինկյան կոմիտեն արձանագրում է, որ խոշտանգումների և վատ վերաբերմունքի առումով իրավիճակը 2011 թվականին մնացել է անփոփոխ: Ըստ զեկույցի՝ անմարդկային վերաբերմունքի դեպքերը հիմնականում արձանագրվում են ոստիկանության բաժանմունքներում: Որպես դրա ապացույց բերվում է ոստիկանության բաժանմունքում մահացած Լևոն Գուլյանի գործը, որով մինչ օրս ոչ ոք պատասխանատվություն չի ենթարկվել:
Առանձին անդրադարձ կա նաև բանակում մարդու իրավունքների վիճակին: Ըստ պաշտոնական տվյալների 2011-ին բանակում զոհված անձանց թիվը 36-ն է: Բանակում կատարվող հանցագործությունների պատճառներից զեկույցում նշված են ոչ կանոնադրային հարաբերությունները, կադրերի ոչ պատշաճ պատրաստվածությունը, բարձրաստիճան պաշտոնյաների անպատժելիությունը, բողոքարկման արդյունավետ մեխանիզմների բացակայությունը, բռնությունների, սպանությունների գործերով ոչ պատշաճ քննությունը, քաղաքացիական վերահսկողության ձևական բնույթը:
Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ հավաքների ազատության մակարդակը Հայաստանում հնարավոր է գնահատել հետընտրական շրջանում: «Փորձը ցույց է տալիս, որ հատկապես նախագահական ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածում է խոչընդոտվում այդ իրավունքը, իսկ ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում հավաքների ազատության իրավունքը համեմատաբար չի խոչընդոտվում: 2008թ կայացած վերջին նախագահական ընտրություններից հետո մինչև 2011թ մայիսը այդ իրավունքը խոչընդոտվել է: Ինչ կլինի առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրություններից հետո՝ ինչպես ասում են՝ no comment, կապրենք, կտեսնենք»,- նշում է Իշխանյանը:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
