ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հակասոցիալական վարք ունեցող երեխաները սովորում են կոնֆլիկտներ հաղթահարել

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրում 2012թ. հունվար-փետրվար ամիսներին անցկացրեց դասընթացների շարք, որոնք նվիրված են կոնֆլիկտների հաղթահարմանը, խաղաղաշինությանը և իրավագիտակցության բարձրացմանը:
Կրթահամալիրում սովորում են հակասոցիալական վարք դրսևորած երեխաներ, ովքեր խնդիրներ են ունեցել տանը, դպրոցում, շրջապատում:
«Կոնֆլիկտների, խաղաղության վերաբերյալ ինտերակտիվ քննարկումների միջոցով փորձեցինք պարզել անչափահասների միջև կոնֆլիկտների և բռնությունների հիմնական պատճառները, և թե ինչպես կարելի է խուսափել կոնֆլիկտից։ Դասընթացին մասնակցող երեխաներին փոխանցվեցին կոնֆլիկտների հաղթահարման հմտություններ»,- ասում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի խաղաղաշինության բաժնի համակարգող, դասընթացավար Մոնիկա Հովհաննիսյանը։
Նա նաև պատմել է Ալֆրեդ Նոբելի, ինչպես նաև Խաղաղության նոբելյան դափնեկիրների մասին, ինչը նրա կարծիքով՝ կարող է ոգեշնչել երեխաներին։
Իրավաբան Տաթևիկ Ղարիբյանը դասընթացի մասնակիցներին փոխանցել է որոշակի գիտելիքներ իրավախախտ անչափահաս և ոստիկանություն իրավահարաբերությունների ժամանակ կողմերի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: «Մասնավորապես ներկայացրել եմ նախաքննության ժամանակ անչափահասի իրավունքները՝ որպես կասկածյալ, մեղադրյալ կամ վկա: Խոսել եմ վատ վերաբերմունքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի մասին, անմեղության կանխավարկածի մասին: Անչափահասը պետք է պատկերացում ունենա նախաքննության ընթացակարգի մասին, կողմերի իրավունքների և պարտականությունների մասին, որպեսզի իմանա՝ ինչպես վարվել այս կամ այն իրավիճակում»,- ասում է Տ. Ղարիբյանը:
Դասընթացի վերջին փուլում Մայա Բարխուդարյանը երեխաներին ներկայացրեց արդյունավետ հաղորդակցության հմտություններ: Տարբեր վարժությունների և առաջադրանքների միջոցով մասնակիցները սովորել են, թե ինչ է վերբալ և ոչ վերբալ հաղորդակցությունը: Նրանց ուսուցանվել է հարցազրույց վարելու և տալու հմտություններ՝ ձայնի և ժեստերի արդյունավետ օգտագործմամբ: Երեխաները դիտել են հայկական գեղարվեստական կինոնկարներ («Տժվժիկ» և «Հարսնացուն հյուսիսից») և քննարկել կերպարների առանձնահատկությունները:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
