Բոլոր թեկնածուներին դեմ քվեարկելու իրավունք՝ հասարակական նոր նախաձեռնություն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ առաջարկելով առաջիկա  ընտրությունների ժամանակ քվեաթեթիկներում ներառել «Բոլորին դեմ եմ» կամ «Տարբերակներից ոչ մեկը» տողը:

Կազմակերպությունը փետրվարի 12-ին կարճաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացրել Հրազդանի քաղաքապետի, Շիրակի մարզի Պեմզաշեն և Արագածոտնի մարզի Սարալանջ համայնքի գյուղապետի ընտրությունների ժամանակ: Քվեարկության արդյունքների ամփոփումը ցույց է տվել, որ անվավեր ճանաչված կամ խոտանված քվեաթերթիկների մեջ մեծ թիվ են կազմում այնպիսինները, որտեղ ընտրողը բոլոր թեկնածուներին դեմ է քվեարկել:

«Հրազդանում գրանցված 893 անվավեր քվեաթերթիկների հիմնական մասում ընտրողները դեմ են արտահայտվել երկու թեկնածուներին։ Նունիսկ մի տեղ թեկնածուների տակ ավելացրել էին «Աբրահամ Լինքոլն» ու դիմացը նշել»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենց առաջարկությունն ընտրական իրավունքի պատշպանությանն է ուղղված. «Այն ընտրողները, ովքեր բոլոր թեկնածուներին համարում են անարժան, հնարավորություն չունեն իրենց ձայնը որևէ կերպ տեղ հասցնելու: Նրանց ձայները, ըստ էության, կորչում են և հաշվի չեն առնվում»: 

Փաստաբանը  սա համարում է ընտրական իրավունքի խախտում: ՀՔԱՎ գրասենյակը պարտրաստվում է ընտրողի իրավունքնրի պաշտպանության նոր քարոզարշավ սկսել և սպասում է ԿԸՀ արձագանքին, որպեսզի հստակեցնի իր հետագա գործողությունները:

Ամփոփելով ընտրությունների դիտարկման արդյունքները՝ Արթուր Սաքունցը նշեց, որ ընտրությունների գնահատական չի տա: Նա չբացառեց, որ եղել են, խախտումներ, ընտրակաշառքի բաժանման դեպքեր, կողմնակալության դրսևորումներ: Սակայն դրանք որքանո՞վ են ազդել ընտրությունների արդյունքի վրա, Սաքունցը դժվարացավ ասել:

Նրա խոսքերով՝ քվեարկությունը պատշաճ էր կազմակերպված: «Ինչ-որ կատարվում է, կատարվում է ընտրատեղամասից դուրս»,- համոզված է Սաքունցը:

Ընտրակաշառքի բաժանման դեպքերին անդրադառնալով՝ ՀՔԱՎ գրասենյակի ղեկավարը նշեց, որ իրավապահ մարմինները կամք չեն դրսևորել նման դեպքերը բացահայտելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ:

«Ընտրակաշառքը քրեորեն հետապնդվող արարք է, և ոստիկանության պարտականությունն է օպերատիվ արձագանքել ցանկացած հանցագործության և կանխել այն։ Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ իրականացվում է «Կանեփ-կակաչ» օպերացիան, իսկ ի՞նչ է անում ոստիկանությունը ընտրակաշառքների հայտնաբերման ուղղությամբ, դուք հարցրե՞լ եք իրենց»,- լրագրողներին դիմեց Արթուր Սաքունցը:

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am