ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանությունն ապահովում է անխափան շինարարություն, բնապահպան-ակտիվիստները շարունակում են նստացույցը

Փետրվարի 17-ին Մաշտոցի պուրակում սկսվել է խանութների («բուտիկների») շինարարությունը՝ ոստիկանության աջակցությամբ: Առավոտյան ոստիկանությունը նստացույցի մասնակիցներին դուրս է բերել այգու՝ շինարարություն իրականացվող հատվածից: Ամբողջ օրվա ընթացքում ոստիկանները «պատ» կազմեցին՝ ապահովելու անխափան շինարարություն: Բնապահպան-ակտիվիստներին ինչպես երեկ, այնպես էլ այսօր հաջողվեց խոչընդոտել ցեմենտի մատակարարումը: Նրանք փակում են ցեմենտ բերող մեքենայի ճանապարհը՝ չթողնելով, որ այն մոտենա շինարարական հատվածին:
Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը, տեղում ուսումնասիրելով խնդիրը, այսօր հանդիպում է ունեցել քաղաքապետի հետ: Չնայած բնապահպան-ակտիվիստների մի շարք փաստարկներին և ակնհայտ ապօրինությունների օրինակներին, նա պնդեց, որ քաղաքապետը ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր, և ոստիկանությունը պետք է ապահովի օրինական բարեկարգման աշխատանքների նորմալ ընթացքը:
Ժամը 16:30-ին պետք է այգի այցելեր քաղաքապետարանի ներկայացուցիչը՝ քննարկելու խնդիրը: Այգի է եկել Երևանի ավագանու անդամ, Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը և նստացույցի մասնակիցներին ասել, որ նրանց արածն անօրինական է, ակտիվիստները կարգ են խախտում, ցույց են անում մի բանի դեմ, որն օրինական է: Բնապահպան-ակտիվիստների «ամոթ, ամոթ» վանկարկումների ընթացքում Ա. Երնջակյանը հեռացել է այգուց:
Աշխատանքային օրվա ավարտին շինարարությունը դադարել է: Բնապահպան-ակտիվիստները շարունակում են նստացույցը:


Ակցիայի մասնակից Մերի Խաչատրյանը նշեց, որ Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը առաջարկում է ապօրինությունները կանխելու համար դիմել դատարան: «Մենք գիտենք դատարանների տեղը: Չնայած մեր բազմաթիվ դիմումներին քաղաքապետարանը չի տրամադրել համապատասխան փաստաթղթեր, և առանց այդ փաստաթղթերը տեսնելու, մենք չենք կարող համապատասխան քայլեր ձեռնարկել»,-ասում է իրավաբան Մ. Խաչատրյանը:

Փետրվարի 17-ին՝ ժամը 16:00-ին Մաշտոցի պուրակում էին գտնվում 30 ոստիկաններ՝ նրանք ապահովում էին շինարարության անխափան ընթացքը

Ոստիկանությունն այսօր տարածել է հետևյալ հաղորդագրությունը. «Երևանի Մաշտոցի պողոտային հարող այգում մի խումբ քաղաքացիներ փետրվարի 16-ին և 17-ին փորձում են կասեցնել ընթացող շինարարական աշխատանքները:
ՀՀ ոստիկանությունը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի համաձայն, կոչված լինելով ապահովելու հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը, պարտավոր է համարժեք միջոցներ ձեռնարկել, որպեսզի մի կողմից' ապահովի պաշտոնապես թույլատրված շինարարական աշխատանքների անխափան իրականացումը, իսկ մյուս կողմից' պաշտպանի հավաքի մասնակիցների իրավունքները:
Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է գիտակցել, որ թույլատրված շինարարական աշխատանքները խոչընդոտելը չի պաշտպանվում հավաքների ազատությամբ, քանի որ հավաքների խաղաղ իրականացումը բացառում է ներկայացված պահանջների հարկադրաբար կենսագործումը հավաքի մասնակիցների կողմից:
Նման գործողությունները կարող են որակվել որպես ինքնիրավչություն և առաջացնել վարչական պատասխանատվություն: Հասարակական կարգի և հասարակական անվտանգության խախտումների առնչությամբ ոստիկանության ծառայողի օրինական պահանջները չկատարելը նույնպես հանգեցնելու է վարչական պատասխանատվության:
Իրավիճակի անհարկի սրումը և դրանով պայմանավորված' վարչական հարկադրանքի կիրառումը բացառելու համար ՀՀ ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին ձեռնպահ մնալ շինարարական աշխատանքները խոչընդոտող գործողություններից, և իրենց բողոքն արտահայտել «Հավաքների ազատության մասին» օրենքին համապատասխանող եղանակներով»:
Շինարարները փայտ վառելով փորձում էին հալեցնել ցրտից սառած ջրատար խողովակը


Իսկ բնապահպան-ցուցարարներն ամբողջ օրվա ընթացքում ներկայացնում էին իրենց պահանջը, հայրենասիրական երգեր երգում, նվագում, պարում:



Ակցիայի մասնակիցների պայուսակներին փակցված էր այս երկտողը

Աղավնի Եղիազարյան
Աղբյուրը՝ www.hra.am
