ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նստացույցի մասնակիցները հանդիպել են քաղաքապետի հետ

Մաշտոցի պողոտայի այգում իրականացվող շինարարության դեմ բողոքող «Մե՛նք ենք այս քաղաքաի տերը» քաղաքացիական խմբի անդամները փետրվարի 14-ին հանդիպել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էին բերել Ազգային ժողովի պատգամավորներ Անահիտ Բախշյանը և Լիլիթ Գալստյանը: Քննարկմանը ներկա են եղել նաև բնապահպան Կարինե Դանիելյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:
«Իմ դիրքորոշումն այս հարցում հստակ է և այդ մասին ես բազմիցս եմ հայտարարել. կանաչ տարածքների հաշվին որևէ կառուցապատում չի լինելու: Ավելին, Երևանի քաղաքապետարանն այսօր բնապահպանական ուղղվածության մի շարք ծրագրեր ունի, որոնց նպատակը ոչ միայն կանաչ գոտիների պահպանումն է, այլև դրանց ընդլայնումը»,-ասել է Տարոն Մարգարյանը:
Նա նշել է, որ այգում տեղադրվող կրպակները ժամանակավոր կառույցներ են և տեղադրվել են վարձակալության իրավունքով: Իսկ տնտեսվարող սուբյեկտները պարտավորվել են բարեկարգել, խնամել և պատշաճ վիճակում պահել հարակից տարածքները:
Տարոն Մարգարյանը նաև ասել է, որ երբ սկսվի «Հին Երևան» նախագծի իրականացումը, այդ կրպակները կապամոնտաժվեն. այս մասին հաղորդում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Քաղաքապետի առաջարկով՝ նախաձեռնող խմբի անդամներն ավելի մեծ կազմով քաղաքապետարանում պետք է ծանոթանան «Հին Երևան» ծրագրին, ճարտարապետանախագծային փաստաթղթերին: «Մենք ընդունել ենք առաջարկը, բայց դա ոչինչ չի փոխում»,- www.hra.am -ին ասաց նախաձեռնող խմբի անդամ Սոնա Այվազյանը: Նրա խոսքերով՝ հավանաբար վաղն իրենք մամուլի ասուլիս կհրավիրեն:
Տարոն Մարգարյանը հանձնարարական է տվել աշխատանքային խմբով այցելել այգի և տեղում ուսումնասիրել խնդիրը:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
