2012թ. արդեն գրանցվել է զինծառայողի մահվան 4 դեպք

Փետրվարի 5-ին մահվան դեպք է գրանցվել ԼՂՀ Պաշտպանության բանակում: Ժամը 19:20-ի սահմանում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան (Հադրութի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ.ծնված Մարատ Ալեքսանդրի Դիմակսյանը: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի տարածած հաղորդագրությունից:

ՊՆ քննչական ծառայությունից հայտնում են, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (զենքի հետ վարվելու կանոնների խախտում, ինչն անզգուշությամբ առաջացրել է մահ), կատարվում է նախաքննություն:

Ըստ նախնական պաշտոնական վարկածի՝ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Արայիկի Ալավերդյանը, խախտելով իրեն ամրակցված ինքնաձիգի հետ վարվելու կանոնները, կրակող է արձակել և աջ ուսագոտու շրջանում հրազենային վիրավորում է հասցրել Մարատ Դիմակոսյանին:

Վիրավոր զինվորը մահացել է զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, ժամը 21:00-ի սահմաններում:

Մահվան նմանատիպ դեպք է գրանցվել նաև փետրվարի 2-ին: Ժամը 17:00-ի սահմանում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հորադիզ) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Կառլեն Կարոյի Բաղդասարյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վիրավորը մահացել է:  

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից հաղորդում են, որ Կառլեն Բաղդասարյանի մահվան  փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր. 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը), կատարվում է նախաքննություն:

Այսպիսով՝ 2012թ. արդեն գրանցվել է զինծառայողների մահվան 4 դեպք:

Հունվարի 18-ին էսենցիայի թունավորումից մահացել է զինծառայող, ենթասպա Վահան Ասլիկյանը։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը): ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից հայտնում են, որ կասկածյալներ և ձերբակալվածներ դեռ չկան, նախաքննությունը շարունակվում է:

Հունվարի 27-ին՝ ժամը 03:05-ի սահմաններում, ԼՂՀ N զորամասի մարտական դիրքում ստացած հրազենային մարմնական վնասվածքից տեղում մահացել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Փայլակ Շահնազարյանը: Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (սպանություն) և կատարվում է նախաքննություն: Սպանություն կատարման մեղադրանքով ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Խաչատուր Սարգսյանը: ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը մեզ փոխանցեց, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ պատրաստ չեն:

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am