Կողմ և դեմ. աշակերտները քննարկեցին ներառական կրթության անհրաժեշտությունը

Դեկտեմբերի 15-ին Լոռու մարզի Ախթալայի, Հաղպատի և Աքորիի դպրոցների բարձր դասարանների աշակերտները քննարկում էին ներառական կրթության դրական և բացասական կողմերը՝ դեմ և կողմ կարծիքները հիմնավորելով  օրենքի դրույթներով, հարցումների արդյունքներով և իրական օրինակներով:

«Բոլոր երեխաներն ունեն կրթության իրավունք» թեմայով բանավեճը նախաձեռնել էր Վորլդ Վիժն Հայաստանի Ալավերդու տարածքային զարգացման ծրագիրը:

Դպրոցականների՝ ներառական կրթությանը կողմ ու դեմ տեսակետները և հիմնավորումները գնահատում էին «դատավորները»՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Աշակերտներն իրենց տեսակետները հիմնավորելու համար նախապես ուսումնասիրել էին կրթությանն առնչվող օրենսդրությունը, ներառական կրթությանը վերաբերող հարցումներ իրականացրել դպրոցների տնօրենների, ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների շրջանում:

«Ես կողմ եմ, որ բոլորը սովորեն հանրակրթական դպրոցում: Հատուկ դպրոցներում պայմաններն այն չեն, բռնություններ շատ են իրականացվում: Հետո ամենակարևորը գիտելիքը չէ, հենց դպրոցում պետք է խնդիրներ ունեցող երեխան շփվի բոլորի հետ, ընկերներ ձեռք բերի»,-կարծում է Լիլիթ Սիմոնյանը՝ Աքորիի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհին:

«Հաշմանդամ երեխաները պետք է հաճախեն հանրակրթական դպրոց: Իրենց պետք չէ շատ առանձնահատուկ ուշադրություն դարձնել, իրենք այդ վերաբերմունքից էլ կհասկաանան, որ իրենք ուրեմն մի բանով տարբեր են, ու դրանից էլ կնեղվեն: Ուղղակի կարելի է հատուկ պլան մշակել իրենց կրթության համար՝ դրան համաձայն եմ»,-հավելեց Աքորիի դպրոցի  9-րդ դասարանցի Անի Խաչատրյանը:

«Դատավորները»՝ ժյուրիի անդամները, գնահատեցին ներառական կրթությանը կողմ և դեմ արտահայտվողների փաստարկները և հիմնավոր խոսքը, ինչի արդյունքում հաղթեց ներառական կրթությանը «կողմ»  արտահայտվողների խումբը: Հավաստագրեր շնորհվեցին  «Ամենաանկաշկանդ ելույթ», «Ամենահամոզիչ ելույթ», «Լավագույն հարց», «Լավագույն պատասխան» և «Երկխոսության մշակույթ» անվանակարգերում:

«Չնայած բանավեճում «կողմ» թիմը հաղթեց, ես մնում եմ իմ դիրքորոշմանը՝ հատուկ կարիքներ ունեցող երեխաները պետք է սովորեն հատուկ դպրոցում: Այսինքն՝ իրենք ինչ-որ հատուկ կարիք ունեն, որ պետք է ապահովել ու նրանց կրթությանն էլ պետք է մեծ տեղ տալ: Նրանց հատուկ մոտեցում է պետք, առանձնահատուկ լավ մոտեցում»,- համոզված է Հաղպատի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ  Գեղամ Ղարդյանը:

Լոռու մարզում ներառական կրթության կարիք ունի 280 երեխա: Այժմ նրանցից 113-ը ներառական կրթություն է ստանում մարզում գործող ներառական կրթություն ապահովող 3 դպրոցներում՝ Ալավերդիում, Վանաձորում և Ստեփանավանում:

«Հաջորդ ուսումնական տարում մեր մարզում ներառական կրթություն կապահովեն ևս երկու դպրոցներ. մեկը՝ Ալավերդիում, մյուսը՝ Ստեփանավանում: Այսպիսով, մենք մարզում կունենանք 5 ներառական կրթությամբ դպրոց: Նշեմ, որ կրթական ռազմավարությամբ՝ շուտով բոլոր դպրոցներն էլ ապահովելու են ներառական կրթություն»,- ասաց Լոռու մարզպետարանի կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը:

Վորլդ Վիժն Հայաստանի Ալավերդու տարածքային զարգացման ծրագրի ղեկավար Վարազդատ Սարգսյանի խոսքերով՝ իրենք շարունակելու են մանկապարտեզներում, դպրոցներում, ինչպես նաև՝ երեխաների և նրանց ընտանիքների շրջանակներում, ներառական կրթության կարևորության մասին իրազեկության բարձրացմանն ուղղված աշխատանքները. «Հասարակության հետ երկար աշխատանք է պետք տանել, որպեսզի կարողանան ընդունել, հասկանալ ներառական կրթության կարևորությունը և փոխեն իրենց ընկալումները հատուկ կարիքներ ունեցող երեխաների նկատմամբ»:

Միջոցառումը կազմակերպվել էր «Համայնքների ձայնը հանուն մարդու իրավունքների կրթության» ծրագրի շրջանակում: Դպրոցականների քննադատական մտածողությունը զարգացնելու և  ակտիվ քաղաքացիների դաստիարակելու նպատակով կազմակերպվելու են նաև այլ թեմաներով բանավեճեր:

Աղավնի Եղիազարյան
Աղբյուրը՝ www.hra.am