ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վճռաբեկ դատարանն այդպես էլ խաղի միատեսակ կանոններ չսահմանեց. Ա. Զոհրաբյան

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդին առընթեր գիտավերլուծական կենտրոնին անհանգստացնում են ՀՀ վճռաբեկ դատարանին օրենքով տրված լիազորությունները և նրա դերը դատական համակարգում:
Բարձրագույն դատական ատյան համարվող ՀՀ վճռաբեկ դատարանն այսօր կանխատեսելի չէ հասարակության համար: Բողոքները բացառապես իր հայեցողությամբ վարույթ ընդունելու հնարավորությունն առանց օբյեկտիվ չափանիշների կիրառող ՀՀ վճռաբեկ դատարանն այդպես էլ խաղի միատեսակ կանոններ չսահմանեց:
Բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումները չեն պատճառաբանվում, ինչի հետևանքով փաստաբանները և այլ իրավաբանները չեն կարողանում հասկանալ, թե որ ծանրակշիռ փաստարկն է հիմք դարձել բողոքը վարույթ ընդունելու համար, կամ օրենքի միատեսակ կիրառության համար հարցն ինչ խորությամբ է բարձրացվել, կամ ՀՀ վճռաբեկ դատարանի որ որոշմանն է հակասել ստորադաս դատարանի որոշումը, ինչ փաստական հանգամանքների նույնությամբ կամ նմանությամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանի այս հայեցողական լայն հնարավորությունը մեծ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև չի փորձում իրավունքի զարգացման մեջ իր ազդեցությունն ունենալ (հանուն արդարության պետք է նշել, որ քրեական գործերով, որոշ հարցերով ՀՀ վճռաբեկ դատարանը շատ համարձակ օբյեկտիվ որոշումներ է կայացրել): Այս է պատճառը, որ որոշ հարցերում փաստաբաններն իրենց հույսը դնում են ՀՀ Սահմանադրական դատարանի վրա (չնայած ՍԴ-ն չորրորդ ատյան չէ և իրականացնում է միայն սահմանադրական արդարադատություն):
ՀՀ վճռաբեկ դատարանը բողոքները վերադարձնելիս օգտագործում է այնպիսի ձևակերպումներ, որոնք նույնպես անհանգստացնում են փաստաբաններին: Օրինակ, նշում է, որ բողոք բերողը խախտել է դատավարական կանոնը, քանի որ բավարար չափով չի պատճառաբանել վարույթ ընդունելու հիմքերը: Ստացվում է, որ փաստաբանը, օգտվելով բողոք բերելու իր իրավունքից, արդեն օրենք է խախտում:
Համարում ենք, որ սա պատճառներից մեկն է, որ հասարակությունը չի վստահում դատական համակարգին:
ՀՀ փաստաբանների պալատի խորհրդին առընթեր գիտավերլուծական կենտրոնը այսուհետև նախաձեռնելու է համապատասխան քննարկումներ, կլոր սեղաններ և նույնիսկ կազմելու է օրենսդրական նախագծեր՝ ՀՀ վճռաբեկ դատարանի այս լիազորությունների հստակեցման և հասարակության համար հասանելի դարձնելու ուղղությամբ:
Արա Զոհրաբյան
Գիտավերլուծական կենտրոնի համակարգող, փաստաբան
Աղբյուրը՝ www.hra.am
