ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայց ընդդեմ ոստիկանապետի. հրապարակային ներողության և 20 դրամի պահանջ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայց է ներկայացրել դատարան՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից պահանջելով հրապարակային ներողություն խնդրել կազմակերպությանը և ՀՀ զինված ուժերում որդիներ կորցրած մայրերին վիրավորելու և զրպարտելու համար, նրանից բռնագանձել 20 (քսան) ՀՀ դրամ՝ բռնագանձումը տարածելով նրա գույքի վրա:
Վլադիմիր Գասպարյանը, դեռևս լինելով ՀՀ պաշտպանության փոխնախարար, հոկտեմբեր ամսին հարցազրույցներ է տվել լրատվամիջոցներին: Նա հոկտեմերի 15-ին «Զինուժ» հաղորդաշարով և հոկտեմբերի 17-ին «Հրապարակ» թերթում հրապարակված իր ուղղակի խոսքում հնչեցրել է արտահայտություններ, որոնք , ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի, իրենց մեջ ներառում են վիրավորանք և զրպարտություն:
«Ցավացող ծնողը լկտի չի լինի, ցավացող ծնողը կանգնած է, բայց ես տեսնում եմ լկտիություն բանակի նկատմամբ, նախարարի նկատմամբ, ես տեսնում եմ թույն մեջները: 20 տարեկան պոչիկներով լակոտներին, որ բերել են Հելսինկյան կազմակերպությունները, ու էդ լակոտների բերանների արտահայտություններն անձնական վիրավորանք են հասցնում: Երբ փսլնքոտ լակոտը երկիր պահած, երկրի համար տուժած մարդուն վիրավորում է լկտի բացականչություններով, ես դա չեմ հանդուրժելու...: Նրանք անպատվում են պաշտպանության նախարարին, ասելով՝ էդ միոտանին: Ես ասում եմ՝ էդ չորսոտանիներիցդ շատ գործ է անում մեր միոտանին, չէ՞ որ էդ մարդն ինչ որ արել է, ես չեմ պաշտպանում, արել է էս երկրի համար, որ էդ ոտքը կորցրել է»,- ասել է Վլ.Գասպարյանը «Հրապարակ»-ում տպագրված «Ով արյուն կլափի, թող գա իր երեխու դեմ» նյութում:
«Նման հայտարարությունները զրպարտություն են, որն իր մեջ պարունակում է վիրավորանք և վնաս է հասցնում մեր կազմակերպության համբավին և արժանապատվությանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ովքեր բողոքի ձայն են բարձրացնում բանակում տիրող ապօրինությունների դեմ»,- պնդում է Սաքունցը:
«Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում Վլ. Գասպարյանն ասում է. «Ոնց կարող է ցավալ մարդու սիրտ մի երկրի բանակի համար, երբ ֆինանսավորվում ու աշխատավարձ է ստանում ուրիշ երկրներից: Ոնց կարող է մարդու սիրտ ցավա, երբ նա մտածում է' ինչքան աղմկահարույց, ինչքան վատ դեպք պատահի, էնքան լավ է, որովհետև դրա վրա ավելի շատ փող կարող է աշխատի: Այդ մարդիկ, ովքեր դրանով զբաղվում են անհայրենիք, աներկիր, անշնորհք, ուրիշին դուր գալու, ուրիշին ծառայելու, նոքարի, սեփական արժանապատվությունը չունեցող երևույթներ են: Նրանց մեջ մարդիկ կան, ովքեր բանակի կողքով անգամ չեն անցել: ...Ու հաստատ իմացեք, վաղը, եթե հանկարծ ինչ-որ բան լինի, ոչ միայն խոր թիկունքում նրանց չենք գտնելու, այլև Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում այդ երևույթներին չենք կարողանալու գտնել: Մի քանի օր առաջ այդ խմբերից մեկի հայտարարությունն եմ կարդում թերթերում, որտեղ պահանջում են այս, այս, այս տեղեկությունները' կապված հազարավոր զինծառայողների հետ: Սիրելիներս, իսկ ձեր պատվիրատուները էլ ինչ հանձնարարություն են ձեզ տվել' իմանալու մեր բանակից, միգուցե ամբողջ ցանկը հրապարակեք և հետո ամենախայտաբղետ արտասահմանյան հիմնադրամների մոտ գնաք հերթ կանգնեք»:
Արթուր Սաքունցի կարծիքով՝ այս հարցազրույցն իր մեջ պարունակում է մի շարք վիրավորական և միևնույն ժամանակ կազմակերպության բարի համբավն արատավորող արտահայտություններ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայցադիմումը ներկայացրել է ՀՀ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան նոյեմբերի 10-ին:
«Դատարանից դեռևս արձագանք չկա: Հայցադիմումը հիմնավոր է, կարծում եմ՝ պատճառ չկա վարույթ չընդունելու»,- փոխանցում է Արթուր Սաքունցը:
Աղավնի Եղիազարյան
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Աղբյուրը՝ www.hra.am
