ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՍԴ-ն ոչ մի հայտնագործություն չարեց. Արմինե Օհանյան

«Սահմանադրական դատարանն արեց այն, ինչ հնարավոր էր անել այս պարագայում»,- նոյեմբերի 17-ին «Հայացք» ակումբում այս կարծիքը հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ մեկնաբանելով ՍԴ որոշումը ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի վերաբերյալ:
Իսկ «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը որոշումը որակեց «կիսահղի», որն ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր, ինչի պատճառով երկակի վիճակ է ստեղծում լրագրողների ու խմբագիրների համար: Քննարկմանը չէր մասնակցում նախապես հրավեր ստացած ՍԴ իրավախորհրդատվական վարչության պետ Լիանա Հակոբյանը։
«Այս որոշմամբ առաջիկա տարիներին օրենքը բարեփոխելու հավանականությունը հավասարեցվեց զրոյի»,- նշեց Օհանյանը: Նրա խոսքերով՝ այն, որ մենք ունենք արդեն մոտ 30 դատական հայցեր լրատվամիջոցների դեմ խոսում է այն փաստի մասին, որ «օրենքը այնքան անորոշ ու վատն է, որ տեղից վեր կացող ցանկացած անձ ցանկացած հոդվածի հետ կապված կարող է դիմել դատարան և պատիվ պահանջել»:
«Մարդիկ եթե ուզում են պարզապես ապատեղեկատվությունը ճշտել, ուղղել, այլ միջոցներ գոյություն ունեն՝ կարելի է հերքման, պատասխանի ճանապարհով գնալ, ինքնակարգավորման մարմիններին դրմել: Այս 30 գործերը ցույց են տալիս, որ ավելի շատ մարդիկ գնում են հաշվեհարդար տեսնելու ճանապարհով»,- ասում է Աշոտ Մելիքյանը:
Արմինե Օհանյանի կարծիքով՝ ՍԴ որոշման դրական կողմն այն է, որ դատարանը հանդես է եկել օրենքի ճշգրիտ և օգտակար մեկնաբանություններով: «Բայց մենք ունենք օրենք, որի ճիշտ կիրառելը կախված է դատավորի գրագիտությունից, բարեխղճությունից, ոչ կոռումպացված լինելուց, ազնվությունից, մամուլի դերը հասկանալու հանգամանքից: Ինչո՞ւ օրենքը պետք է այնպիսին լինի, որի ճիշտ կիրառումը կախված լինի դատավորի որակներից՝ մեկը ճիշտ որոշումներ կկայացնի, մյուսը՝ անարդար»:
Մյուս կողմից, Օհանյանը համոզված չէ, որ դատավորները կկիրառեն ՍԴ որոշումը: «Եթե, օրինակ, արհամարհեն, ինչպես ՍԴ մյուս բոլոր որոշումները, ի՞նչ ենք անելու այդ դեպքում: Ի՞նչ լծակներ ունեն ՍԴ-ն, իշխանությունը, մամուլը: Ես կարծում եմ՝ ոչ մի»,- նշում է նա՝ հավելելով, որ ամեն ինչ շարունակվելու է այնպես, ինչպես որ կա, քանի որ չկա որևէ լծակ, որ կստիպի որոշումը կիրառել:
«Եթե նույնիսկ օրենքը չփոխվի, հնարավոր է արդար որոշումներ կայացնել: Բայց քաղաքական իրավիճակը և դատական համակարգն այնպիսին են, որ դա հնարավոր չի դառնում»,- ասում է Աշոտ Մելիքյանը: Ու թեև անարդար որոշում կայացնող դատավորի նկատմամբ կարգապահական պատժամիջոցներ կիրառելու մեխանիզմներ կան, դրանք հազվադեպ են կիրառվում՝ քաղաքական կամ այլ գործոնների պատճառով, ինչն անպատժելիության մթնոլորտ է ստեղծում:
Բանախոսների կարծիքով՝ ՍԴ որոշման մեջ դրական է այն, որ դատարանը շեշտել է, որ վիրավորանքն ու զրպարտությունը պետք է պարտադիր պարունակեն դիտավորություն, դրանց առկայության ապացուցման բեռը պետք է կրի հայցվորը, նյութական փոխհատուցումը պետք է տրվի բացառիկ դեպքում և դրա չափը սահմանելիս պետք է հաշվի առնել լրատվամիջոցի ֆինանսական հնարավորությունները, փաստերի վրա հիմնված գնահատողական դատողությունների համար լրատվամիջոցը չպետք է պատասխանատվության ենթարկվի և այլն:
«Այնպես չի, որ մի մեծ հայտնագործություն է արվել: Ցանկացած դատավոր, եթե ՄԻԵԴ նախադեպերն ուսումնասիրեր, այս բոլորը կարող էր իմանալ: Պարզապես այս բոլորը պատրաստի մատուցվել է իրենց, և ԶԼՄ-ները պետք է միասնական և հետևողական լինեն, որպեսզի պարտադրեն դատավորներին ՍԴ որոշումը կիրառել»,- նշեց «Հրապարակ» օրաթերթի խմբագիրը:
Աշոտ Մելիքյանը ևս մեկ անգամ ընդգծեց բազմիցս արտահայտած այն միտքը, որ միայն վիրավորանքի և զրպարտության ապաքերականացումով խնդիր չես լուծի. «Մենք պատրաստ պիտի լինեինք այդ անցմանը, դատական համակարգը պետք է անկախ լինի, քաղաքական մշակույթը պետք է զարգացած լինի, քաղաքական գործիչները և հասարակությունը պետք է տոլերանտ լինեն քննադատության հանդեպ»:
Իսկ Արմինե Օհանյանի կարծիքով՝ Հայաստանում շատ կառույցներ ոչ թե աշխատում են, այլ աշխատանքի իմիտացիա են ստեղծում: Նրա խոսքերով՝ ՄԻՊ-ը այս քայլով ուզում էր Եվրոպային ու միջազգային կառույցներին ցույց տալ, որ ինքը աշխատում է հօգուտ ազատ մամուլի, մինչդեռ «իր եփած ճաշի մեջ ենք ընկել»: Խմբագիրը համոզված չէ, որ Մարդու իրավունքների պաշտպանը հասարակության շահերից ելնելով է գործում:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
