ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Խորեն Քոչարյանը համաներվեց, չնայած այդպես էլ դատարանը չընդունեց նրա՝ ազատամարտի մասնակից լինելու փաստը

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, գողություն կատարելու մեջ մեղադրվող ազատամարտիկ Խորեն Քոչարյանին դատապարտեց երեք տարվա ազատազրկման և, կիրառելով համաներման ակտի առաջին կետի առաջին ենթակետը, ազատեց պատժի կրումից:
Այս տարվա հունիսի 30-ին շուրջ 3 տարի հետախուզման մեջ գտնվող Խորեն Քոչարյանը մեղակայականով ներկայացել էր ոստիկանություն: 2008թ. հարուցված քրեական գործի անջատված մասի կասեցված վարույթը նույն օրը վերսկսվել էր:
«Բոլոր տարբերակներով մենք փորձեցինք ապացուցել, որ Խորեն Քոչարյանը 1990-1992թթ. մասնակցել է Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանների ինքնապաշտպանական մարտերին: Սակայն, թե նախաքննական մարմինը, թե դատարանը գտան, որ քանի որ Խորեն Քոչարյանը հաշվառված չի եղել համապատասխան ցուցակներում, ապա դա չի կարող հիմք լինել մասնակցության համար: Ձևը գերադասեցին բովանդակությունից»,-ասում է Խորեն Քոչարյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը:
Դատարանը, բավարարելով փաստաբանի պահանջը, կիրառեց համաներման ակտի այն դրույթը, որի համաձայն պատժից ազատվում են առավելագույնը երեք տարի ժամկետով պատժի դատապարտված անձինք:
«Այսօրվա մեր հարաբերական արդար դատաքննական համակարգի պայմաններում այսքանով էլ ենք բավարարված: Եթե մեղադրող կողմը որոշումը բողոքարկի, մենք համապատասխան հակափաստարկներով հանդես կգանք: Այս պատիժն էլ է խիստ, բայց արդյունքը մեզ բավարարում է»,-բացատրում է փաստաբանը:
Անուշ Բուլղադարյան
Վանաձոր
