Բարսեղյանը ցանկանում է հասկանալ ՊԵԿ հանդիսությունների` պետութան վրա «թանկ նստելու» պատճառը

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը նոյեմբերի 7-ին վճռել է մասնակիորեն բավարարել ՀՀ Կառավարությանն առընթեր  Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) բողոքն ընդդեմ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի: Այս մասին ասվում է «Ասպարեզի» տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ դեռևս 2010թ. հունվարին Լևոն Բարսեղյանը հարցում էր ուղարկել ՊԵԿ նախագահին՝ խնդրելով տրամադրել 2009թ. դեկտեմբերին ՊԵԿ աշխատակազմի տարեմուտի հանդիսության և պարգևատրումների վերաբերյալ տեղեկատվություն: Հարցումը վերաբերում էր պետբյուջեից ծախսված գումարներին՝ 29,5 միլիոն դրամ հանդիսության կազմակերպման և 21,2 միլիոն դրամ՝ պարգևատրման համար գնված ժամացույցների համար:

ՊԵԿ-ը հարցմանը չէր պատասխանել: Իսկ երբ «Ասպարեզը» տեղեկատվության ստացման համար հայց էր ներկայացրել Վարչական դատարան, ՊԵԿ-ը հարցմանը գրավոր մերժում էր ուղարկել՝ միաժամանակ նշելով, թե այդ տեղեկությունները տեղադրված են իրենց կայքում: Լևոն Բարսեղյանը պնդում է, որ կայքում ծախսված գումարների վերաբերյալ որևէ տեղեկատվություն չկա:

«Գնման փաստաթղթերի մեջ գրված էր միայն հանդիսություն 270 հոգու համար՝ հումորիստների և երգիչ-աստղերի մասնակցությամբ: Ես 29,5 միլիոն դրամը բաժանում եմ 270 հոգու վրա, ստացվում է, որ մեկ հոգու հաշվով հանդսություն արժեցել է 110 000 դրամ, իսկ դա ինձ թվացել է շատ մեծ թիվ: Դրա համար ես հետաքրքվել եմ, թե այդ հանդիսությունը քանի՞ ժամ է տևել, ի՞նչ աստղեր և հումորիստներ են մասնակցել, որպեսզի իմանամ բովանդակությունը, արժե՞ր այդքան գումար ծախսել»,- www.hra.am -ին ասել է Լևոն Բարսեղյանը:

Դատարանը գտել է, որ Պետեկամուտների կոմիտեն այս տեղեկությունները չունի: Բարսեղյանը զարմանք է հայտնում, թե ինչպե՞ս կարող է ծառայություն գնողը չիմանա, թե ինչ է ստանում 29,5 միլիոն դրամի դիմաց: Բացի այդ, հայցի պատասխանում ՊԵԿ-ը գրել է, որ այդ տեղեկությունները իրենք տեղադրել են ինտերնետում: «Ինչպե՞ս կարող են իրենք չունենալ այդ տեղեկությունները»,- հռետորական հարց է հնչեցնում Բասեղյանը:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը ճանաչել է Լ.Բարսեղյանի տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը, պարտավորեցրել է ՊԵԿ-ին Բարսեղյանին  տրամադրել թանկարժեք ժամացույցներով պարգևատրվածների մասին հարցված տեղեկությունները և որպես փոխհատուցում վճարել 7.000 դրամ: Իսկ տարեմուտի հանդիսության տևողության և մասնակից հումորիստների ու երգիչների մասին տեղեկության տրամադրման պահանջը մերժվել է: 

Լևոն Բարսեղյանի՝ տեղեկատվություն ստանալու պահանջով հայցը դատարանում է արդեն 22 ամիս: 2010թ. Վարչական դատարանը մերժել է հայցը, իսկ Վճռաբեկը բեկանել է և գործը հետ ուղարկել: 2011թ. հունիսի 22-ին Վարչական դատարանը նորից է քննել հայցը և ճանաչել է տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը՝ պարտավորեցնելով ՀՀ ՊԵԿ նախագահ Գ.Խաչատրյանին տրամադրել հարցված տեղեկությունները և պատասխանողից հօգուտ հայցվորի գանձել 24.000 դրամ' որպես վճարված պետական տուրքերի փոխհատուցում:

ՊԵԿ-ը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը մասնակիորեն բավարարվել է:

«Դատարանը որոշեց երևի կողմերից ոչ մեկին չնեղացնել»,- Վերաքննիչ վարչական դատարանի վճիռն այսպես է մեկնաբանում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ ավելացնելով, որ իրենք երկրորդ անգամ են դիմելու Վճռաբեկ դատարան և պահանջելու են, որ իրենց հայցը բավարարվի ամբողջությամբ:

Մերի Ալեքսանյան

Աղբյուրը՝ www.hra.am