Պատճառն օրենքով նախատեսված չափանիշների անորոշությունն է

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն օրենսդրական փոփոխության առաջարկ է ուղարկել կառավարություն և Ազգային ժողովի կուսակցական խմբակցություններ։

Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բողոքները ցույց են տվել, որ բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամություն ունեցող մարդիկ համապատասխան հանձնաժողովի կողմից չեն ճանաչվում հաշմանդամ: Որոշ դեպքերում էլ օրենքով նախատեսված հերթական փորձաքննության ընթացքում հաշմանդամության խումբ ունեցող մարդկանց զրկում են խմբից կամ փոխում դեպի դրական խումբ, երբ նրանց առողջական վիճակը ոչ թե բարելավվել է, այլ հակառակը՝ վատթարացել:

«Ունենալով լուրջ առողջական խնդիրներ և դրանք վկայող բժշկական եզրակացություններ՝ մարդը հաճախ չի ճանաչվում հաշմանդամ այն պատճառաբանությամբ, որ իր ունեցած հիվանդությունը, վնասվածքը կամ խեղումը չեն առաջացնում հաշմանդամության սահմանման համար անհրաժեշտ կենսագործունեության սահմանափակում: Դրա պատճառը օրենքով նախատեսված հաշմանդամության սահմանման չափանիշների անորոշությունն է, ինչը գնահատման հայեցողության բավականին լայն շրջանակ է նախատեսում բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների համար, արդյունքում' փորձաքննությունները որոշ դեպքերում իրականացվում են ոչ օբյեկտիվ ու կամայական»,- տեղեկացնում է Կարեն Անդրեասյանը:

Պաշտպանը ներկայացրել է վերոհիշյալ խնդրի լուծման իր տարբերակները և առաջարկել է հանդես գալ օրենսդրական փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ։

Աղբյուրը՝ www.hra.am