ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Հոգեբանության և իրավունքի խաչմերուկներ». միջազգային գիտաժողով Հայաստանում
Հայաստանի ամերիկյան համալսարանում նոյեմբերի 4-6-ը անցկացվում է «Հոգեբանության և իրավունքի խաչմերուկներ» խորագրով միջազգային գիտաժողով:
«Իրավունքն ու հոգեբանությունը միշտ հատվում են: Երբ մենք գործ ունենք իրավական ոլորտի հետ և մարդու հետ, հոգեբանությունը չենք կարող անտեսել»,- ասում է գիտաժողովի գաղափարի հեղինակ և կազմակերպիչ Մերի Ավետիսյանը, ով մասնագիտությամբ իրավաբանական հոգեբան է:
Գիտաժողովի կազմակերպմանն աջակցել են Հայաստանի ամերիկյան համալսարանաի իրավաբանական բաժանմունքը, «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպությունը, ԱՄՆ պետդեպարտամենտը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը և Հայաստանում ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան:
«Իմ նպատակն էր հայ ուսանողի և գիտնականի համար հնարավորություն ստեղծել, որպեսզի նրանք լսեն արտասահմանյան գիտնականների խոսքը, փորձը, քանի որ ֆինանսական խնդիրների պատճառով ոչ բոլորն են կարողանում դուրս գնալ, հաղորդակցվել դրսի մասնագետների հետ: Սա հնարավորություն է նաև մեր փորձը փոխանցելու նրանց, որովհետև իրենք էլ չգիտեն՝ մենք ինչ ենք անում»,- նշում է Մերի Ավետիսյանը՝ ավելացնելով, որ աշխարհում արդեն քննարկվում են միջառարկայական կապերը և, կարելի է ասել, որ գիտություններն են հատվում:
Գիտաժողովին մասնակցող տարբեր երկրներից ժամանած մասնագետները՝ իրավունքի, քրեաբանության, հոգեբանության, սոցիոլոգիայի և այլ բնագավառների գիտնականներն ու պրակտիկ աշխատողներն առաջին օրը կլսեն և կքննարկեն իրավաբանության և հոգեբանության հատման եզրերին վերաբերող ընդհանուր բնույթի խնդիրներ:
Վաղը՝ նոյեմբերի 5-ին, կքննարկվեն անչափահասների արդարադատության արդի խնդիրները: «Միջազգային բանտային բարեփոխումներ» (PRI) կազմակերպությունը «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի և ՀՕՖ «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործընկերությամբ իրականացնում է Հայաստանում անչափահասների գործերով արդարադատության արդիականացմանն ուղղված ծրագիր:
«Մեր ծրագրում ևս կա հոգեբանական աշխատանքների կոմպոնենտը, հետագայում նախատեսվում է պրոբացիոն ծառայության հիմնում: Սա շատ լավ նախադրյալ կլինի հետագայում քննարկումներն այդ ուղղությամբ շարունակելու համար, որովհետև պրոբացիոն ծառայությունը ենթադրում է զգալի ծավալի հոգեբանական և իրավաբանական աշխատանքներ»,- այս կարծիքին է PRI հայաստանյան ներկայացուցիչ Հայկ Խեմչյանը:
Գիտաժողովի երրորդ օրը նախատեսվում է անցկացնել վերապատրաստում գիտական աշխատողների և ապագա գիտնականների համար:
Կազմակերպիչներն ակնկալում են, որ փորձի փոխանակումից բացի գիտաժողովի ընթացքում կլինեն համագործակցության պայմանավորվածություններ Հայաստանի և տարբեր երկրներից ժամանած գիտնականների միջև:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
