ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Անչափահաս իրավախախտներին պետք է հատուկ մոտեցում ցուցաբերվի

«Անչափահասների արդարադատության համակարգն աշխարհում ոչ թե նպատակ է հետապնդում հանցագործին հայտնաբերել և պատժել, այլ ավելի շատ՝ պարզել հանցագործության կատարման պատճառները: Ցավոք սրտի, մեր համակարգն ուղղված չէ այդ պատճառները պարզելուն, այլ ավելի շատ՝ պատժելու հանցագործներին: Եվ անչափահասների նկատմամբ արդարադատությունը շատ քիչ է տարբերվում մեծահասակների արդարադատությունից»,- ասաց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը նոյեմբերի 1-ին «Անչափահասների գործերով դատավարությունների դիտարկում» հաշվետվության ներկայացման ժամանակ:
Նրա խոսքերով՝ անչափահասների արդարադատության համակարգը Հայաստանում չի համապատասխանում միջազգային չափանիշներին, ըստ որոնց՝ իրավախախտ երեխաների նկատմամբ հատուկ մոտեցում է կիրառվում. նրանց հետ աշխատում են այդ ոլորտում մասնագիտացած դատավորներ, քննիչներ, դատախազներ և պաշտպաններ:
«Անչափահասների գործերով դատավարությունների դիտարկում» հաշվետվությունը պատրաստվել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ի (ՔՀԻ) կողմից։ Ծրագիրը մեկնարկել է այս տարվա մարտին և տևել է 8 ամիս: Ծրագրի ընթացքում դիտարկվել են անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների վերաբերյալ 37 դատական գործեր Երևանի, Գյումրիի և Վանաձորի դատարաններում: Ըստ ոստիկանության վիճակագրության՝ այս շրջաններում իրավախախտ անչափահասները համեմատաբար ավելի շատ են:
Հաշվետվության մեջ ՔՀԻ փորձագետներն առանձնացրել են անչափահասների արդարադատության համակարգի խոցելի կետերը և բարեփոխման համապատասխան առաջարկություններ արել, որոնք վերաբերում են թե՛ օրենքների, թե՛ իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանը:
ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Ելիզավետա Դանիելյանը կարևորեց հաշվետվության մեջ բարձրացված բոլոր խնդիրները և նշեց, որ ծրագիրը կարող է նպաստել ՀՀ օրենսդրությունը և պրակտիկան միջազգային չափանիշների համապատասխանեցնելու գործընթացին:
«Կարևոր եմ համարում նաև այն, որ ծրագրում անդրադարձ է կատարվել ոչ միայն իրավախախտում կատարած անձանց, այլ նաև անչափահաս տուժողների և հատկապես վկաների հետ վարվելակերպի գործընթացների զարգացմանը»,- ասաց նա՝ հավելելով, որ այս գործընթացը կնպաստի անչափահասների իրավունքների առավել ապահովմանը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Մարդու իրավունքների ծրագրերի ղեկավար Վլադիմիր Չունտուլովն իր խոսքում նշեց, որ իրավախախտ երեխաները կարիք ունեն պաշտպանվածության ոչ միայն կառավարության կողմից, այլև՝ ողջ հասարակության:
«Կանխարգելմանը զուգահեռ պետք է լինի ազատազրկմանը այլընտրանք առաջարկող քաղաքականություն: Մենք հույս ունենք, որ այս զեկույցը օգտակար և գործնական նշանակություն կունենա մեր հայ գործընկերների համար' երեխաների իրավունքների ու շահերի պաշտպանության ամրապնդման գործում»,- ասաց Չունտուլովը:
Անչափահասների գործերով դատավարությունների դիտարկման հաշվետվությունից բացի ներկայացվեց նաև «Անչափահասների գործերով արդարադատությունը Հայաստանում օրենքի հետ կոնֆլիկտ ունեցած անչափահասների տեսակետից» զեկույցը: Ուսումնասիրությունն իրականացվել է «Առաջադեմ սոցիալական տեխնոլոգիաներ» ՀԿ-ի կողմից։ Հետազոտության նպատակն է երեխաների տեսանկյունից ներկայացնել անչափահասների արդարադատության համակարգի խնդիրները և նրանց կողմից հնչեցնել բարելավման առաջարկներ:
Անչափահասների գործերով ուսումնասիրություններն իրականացվել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
