Մեկ օր անվճար իրավաբանական խորհրդատվություն. քաղաքացիական արդարադատության եվրոպական օրը Լոռիում

ՀՀ փաստաբանների պալատի և հանրային պաշտպանի գրասենյակի նախաձեռնությամբ հոկտեմբերի 28-ին Երևանի և Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի  քաղաքների 20  փաստաբաններ առաջին անգամ նշեցին  քաղաքացիական արդարադատության եվրոպական օրը' քաղաքացիներին անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրելով:

«Զարգացած երկրներում ոչ թե փաստաբանները, այլ դատարանները, պետական իշխանության մարմինները, իրավապահ մարմիններն են բաց դռների օր կազմակերպում' ավելի հասանելի, թափանցիկ դարձնելու համար իրենց աշխատանքը: Բայց քանի որ մեր դատարանները այդ մակարդակին չեն հասել, նախաձեռնությունը ցուցաբերեց ՀՀ փաստաբանների պալատը»,-   ասում է հանրային պաշտպան Գուրգեն Հարությունյանը:

Չնայած փաստաբանական խորհդատվությունները վճարովի են, այնուամենայնիվ, Լոռու մարզի փաստաբանների խոսքերով՝ նրանցից յուրաքանչյուրն էլ առօրյայում անվճար խորհրդատվություններ տալիս է:

Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Գագիկ Նալբանդյանը Ստեփանավանից  եկել էր Վանաձոր' քաղաքացիներին անվճար խորհրդատվություն տրամադրելու:

«Հաշվի առնելով ժողովրդի սոցիալական ծանր վիճակը' ոչ բոլորից եմ վերցնում: Մարդ կա, եթե նա փորձի էլ վճարի , չեմ վերցնի»,-բացատրում է նա:

Հանրային պաշտպանի գրասենյակ այցելած քաղաքացիները հիմնականում դիմում էին ժառանգության, սեփականության հարցերի շուրջ առաջացած խնդիրներով:

59-ամյա վանաձորցին, ով չուզեց նշել իր անունը, հանրային պաշտպանի գրասենյակ էր եկել քաղաքացիական գործով: Նրա կարծիքով՝ եթե հաճախակի կազմակերպվեն նման միջոցառումներ, ապա մարդիկ ժամանակին կկարողանան լուծել առաջացած խնդիրներն ու հետագայում կխուսափեն քաշքշուկներից:

«Լինում են դեպքեր, երբ այնքան ուշ են դիմում, որ արդեն անհնար է դառնում օգնելը: Չնայած դրան' փաստաբանական ինստիտուտը կայանում է, վստահությունն էլ' ավելանում»,- ասում է փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Վահան Ավագյանը:

Փաստաբանները հույս են հայտնում, որ հաջորդ տարի այս նախաձեռնությանը կմիանա դատական ու իրավապահ համակարգը, պետությունն էլ պատշաճ ուշադրություն կդարձնի այս օրվան:

Անուշ Բուլղադարյան
Վանաձոր

Աղբյուրը՝ www.hra.am