ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանությունում է հասարակական ակտիվիստ Լալա Ասլիկյանը

Հոկտեմբերի 27-ին ոստիկանները ՀՀ կառավարության շենքի առջևից բաժին են տարել հասարակական ակտիվիստ, «Բանակն իրականում» նախաձեռնող խմբի անդամ Լալա Ասլիկյանին: Ըստ ականատեսների՝ Ասլիկյանը Վարդգես Գասպարիին քաշքշող ոստիկանների հասցեին գոռացել է «հանցագործներ, խուլիգաններ», որի պատճառով նրան նստեցրել են ոստիկանության մեքենան և բաժին տարել:
Լալա Ասլիկյանի շահերը ներկայացնելու նպատակով Կենտրոն ոստիկանական բաժանմունքի մոտ է Հայաստանի հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը: Ոստիկանները նրան ասել են, որ կզեկուցեն և ներս կթողեն: Փաստաբանը սպասում է 12:35-ից: 13:05-ին նրան ներս են թողել ոստիկանություն, սակայն նա չի հանդիպել Լալա Ասլիկյանին։ Ռ. Ռևազյանին կրկին դուրս են հրավիրել՝ նշելով, որ կրկին նրան ներս կհրավիրեն։
Լալա Ասլիկյանին ոստիկանական բաժանմունք տանելուց րոպեներ անց ՀՀ ոստիկանությունը տարածեց հետևյալ հաղորդագրությունը.
«Կառավարության բնականոն գործունեությունն ապահովելու, ինչպես նաև հնարավոր իրավախախտումները կանխելու և խափանելու, հավաքի իրավախախտ մասնակիցների նկատմամբ ուժի գործադրումը հնարավորինս բացառելու նկատառումներով' ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետերով և 12-րդ հոդվածով, սույն թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ոստիկանությունը ՀՀ կառավարության նստավայրի առջև կազմակերպված հավաքի մասնակիցներին առաջարկել է հավաքն անցկացնել ՀՀ կառավարության շենքին հարող տարածքում:
ՀՀ ոստիկանության կողմից հաշվի է առնվել այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության նախորդ նիստերի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության նստավայրի առջև կազմակերպված հավաքի մի խումբ մասնակիցներ, որոնք վերստին ժամանում էին հավաքի վայր, պարբերաբար և տևական ժամանակահատվածի ընթացքում խոչընդոտել են Կառավարական տուն 1 շենք ազատ մուտքն ու ելքը, ինչպես նաև թույլ են տվել անպարկեշտ, վիրավորական արտահայտություններ, սադրել բախումներ ոստիկանության ծառայողների և հավաքի մասնակիցների միջև»:
«Բանակն իրականում» նախաձեռնող խումբը 2011թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ կառավարության շենքի մոտ պետք է անցկացներ հերթական ակցիան' զինծառայողների սպանությունները բացահայտելու և գործերի քննությունը պատշաճ կերպով վարելու պահանջով.«Ոստիկանները թույլ չեն տվել, որպեսզի ակցիան կայանա նախատեսված վայրում և բռնություն են կիրառել զինծառայողների ծնողների նկատմամբ' հրմշտելով նրանց և խոչընդոտելով խաղաղ հավաքի անցկացումը: Ակցիայի մասնակիցներն արձագանքել են' արտահայտելով իրենց վերաբերմունքը ոստիկանների բռնությունների նկատմամբ: Ոստիկանները, բռնի ուժ կիրառելով ցուցարարներից մեկի' «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լալա Ասլիկյանի նկատմամբ, նրան տեղափոխել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժին»,- ասված է նախաձեռնության տարածած հայտարարությունում:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի մոտ, որտեղ հավաքվել են մի խումբ քաղաքացիներ' պահանջելու ազատել Լալա Ասլիկյանին, կրկին տեղի է ունեցել միջադեպ. «ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը փորձ է արել մեքենայով վրաերթ կատարել ցուցարարների ուղղությամբ և հարվածել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին»:
Այս պահին փաստաբան Ռոբերտ Ռևազյանը և ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը ներս են մտել ոստիկանության բաժանմունք։
Լուսանկարը՝ Անի Գևորգյանի
Աղբյուրը՝ www.hra.am
