ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մատչելիության ուղեցույց. հաշմանդամները փորձում են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները

Map.disability.am՝ ստեղծվել է նոր կայք, որտեղ տեղաշարժվելու հետ խնդիրներ ունեցող մարդիկ հնարավորություն կունենան տեղեկություններ ստանալ Երևանի այն վայրերի մասին, որտեղ կարող են մատչելի, մասամբ հարմարեցված և ոչ մատչելի ձևերով տեղաշարժվել:
Կայքը ստեղծող «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը նպատակ ունի առաջիկայում ներգրավել նաև մարզերի կառույցների մասին տեղեկություններ գործընկերների օգնությամբ։
Հոկտեմբերի 21-ին «ՀՀ-ում հաշմանդամների իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները» հանրապետական համաժողովին «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը նշեց, որ Հայաստանում պաշտոնապես գրանցված հաշմանդամության խնդիրներ ունեցող մոտ 172 հազար մարդկու համար առաջին խնդիրը տեղաշարժվելու միջոցների ոչ մատչելի լինելն է: Նա համոզված է, որ 100 հազար դրամ ծախսելը հսկայական ներդրում չէ, որ ավտոբուսը ունենա հատուկ վերելակ սայլակավոր հաշմանդամների համար:
«Մեզ մոտ մեծ խնդիր է նաև թեքահարթակների բացակայությունը կամ էլ առկայության դեպքում դրանց ոչ ճիշտ կառուցումը: Օրինակ՝ կան առողջապահական հաստատություններ որտեղի թեքահարթակից օգտվելու արդյունքում ուղղակի կարող ես դառնալ կրկնակի հաշմանդամ» ,- ասում է Ալավերդյանը:
Նա խորհուրդ է տալիս հիշել, որ օրինակ Ամերիկայում մարդկանց 80-100 տոկոսը համարվում են հաշմանդամ, այսինքն մարդիկ իրենց կյանքի որոշ հատվածում կարող են հաշմանդամության խնդիր ձեռք բերել՝ վիրահատվել, երեխա ունենալ, երեխա լինել սայլակում և այլն, ու տվյալ վայրերի ոչ հարմարավետ լինելը կդառնա խնդիր նաև իրենց համար:
«Ցավում եմ, բայց այսօր Հայաստանում միայն այն վայրերում կարելի է ազատ տեղաշարժվել, որի կողքը կա Ամերիկա բառը: Ասում են հին սովետական շենքեր են, բայց հենց ամերիկյան համալասարանի շենքը մեկն է դրանցից, որտեղ կան բոլոր հարմար պայմանները: Իսկ եվրոպական երկրներում, եթե դա մշակութային կամ պաշտոնական վայր է, պարտադիր կան պայմաններ, անգամ եթե դա պատմական հին շենք է, որտեղ կառուցված են եղել բազմաթիվ աստիճաններ»,-ասում է Ալավերդյանը:
Ալավերդյանը զայրանում է նաև նոր կառուցվող շենքերի ճարտարապետների վրա, ում մեծ հաճույքով դատի կտար թեքահարթակները շենքի նախագծի մեջ չներառելու համար:
«Ասում են եկեք, մենք Ձեզ կօգնենք «Ամերիա» բանկում, դե թող բոլոր իրենց հաճախորդներին էլ գրկած բարձրացնեն ու հավասարություն պահպանեն»,-հեգնելով առաջարկում է Ալավերդյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը համաձայնեց Ալավերդյանի դիտարկումների հետ՝ նշելով, որ Հայաստանում լուրջ խնդիրներ ունեն նաև տեսողության ու լսողության հետ խնդիրներ ունեցող մարդիկ:
Նա հայտնեց, որ այսօր իրենց նախարարությունը հատուկ ծրագրեր է կազմակերպում այդ մարդկանց համար՝ բոլոր գրադարաններում կան իրավական ակտերի մասին գրքեր բրալյան լեզվով ու կիրառվում է «Արև» ծրագիրը տեսողության խնդիրներ ունեցողներին համակարգիչ սովորեցնելու համար:
Անդրադառնալով հաշմանդամության խնդիրներ ունեցողների զբաղվածությանը` ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարության զբաղվածության պետական գործակալության ծառայության ներկայացուցիչ Արտակ Սիմոնյանը նշեց, որ իրենց բոլոր ծրագրերի մեջ ներառել են հաշմադնամության խնդիրներ ուենցողներին, այն դեպքում, երբ առաջ միայն գործազուրկների համար էին գործում:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
