ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Արզաքանցյանն ընդդեմ «Երկրի». կողմերը վճռաբեկ բողոքներ են ներկայացրել

«Երկիր» օրաթերթը և ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը վռաբեկ բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարանի՝ օգոստոսի 24-ին կայացրած որոշման դեմ: Այդ որոշմամբ՝ դատարանը մերժել էր երկու կողմի վերաքննիչ բողոքները և ուժի մեջ թողել առաջին ատյանի դատարանի վճիռը:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին առաջին ատյանի դատարանը Տիգրան Արզաքանցյանի հայցն ընդդեմ «Երկիր» օրաթերթի բավարարել էր մասամբ ՝ օրաթերթին պարտավորեցնելով վճարել 288 հազար դրամ, որից 200 հազարը պատգամավորի հասցեին արված՝ պատիվն ու արժանապատվությունը վիրավորող «լակոտ» բառի, իսկ 88 հազարը՝ դատական ծախսերի համար: Դատարանը «Երկիրին» պարտավորեցրել էր նաև թերթում հրապարակել վճռի եզրափակիչ մասը:
«Երկիր» թերթի գլխավոր խմբագիր Բագրատ Եսայանն ավելի վաղ www.hra.am -ին հայտնել էր, որ իրենք մտորում են՝ իմաստ ունի՞ վճռաբեկ բողոք ներկայացնել, եթե Վերաքննիչը մերժել է իրենց բողոքը և առաջին ատյանի դատարանի վճիռը թողել անփոփոխ:
Արզաքանցյանի փաստաբան Վահե Հովսեփյանը վճռաբեկ բողոքով պնդում է նախորդ հայցը' «Երկիր» օրաթերթից բռնագանձել 3 միլիոն դրամ պատգամավորի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար, ևս 568 հազար դրամ՝ դատական ծախսերի փոխհատուցման համար:
Վճռաբեկ դատարանում դեռևս որոշում չի կայացվել` բողոքներն ընդունվում են վարույթ, թե՝ ոչ:
Աղբյուրը՝ www.hra.am
