ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանապետը քրեորեն պատժելի արարք է կատարել. կարծում են ակտիվիստները

ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին
Հաղորդում հանցագործության մասին
2011 թվականի հոկտեմբերի 20-ին «Բանակն իրականում» հասարակական նախաձեռնության անդամները ՀՀ կառավարության շենքի առջև կազմակերպել էին բողոքի գործողություն' ցուցապաստառներով պիկետ: Բողոքի գործողությունը սկսվել էր նախատեսված ժամին և ընթանում էր խաղաղ մինչև այն պահը, երբ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը իր շրջապատող անձանց հետ դուրս գալով ՀՀ կառավարության շենքի մուտքից, շարժվել է դեպի ցուցարարները և, հրելով նրանց' խոչընդոտել է բողոքի խաղաղ գործողությունը: Մասնավորապես, Ալիկ Սարգսյանը ոտնձգություն է իրականացրել բողոքի մասնակից Լալա Ասլիկյանի նկատմամբ' հրելով նրան և վնասել ցուցապաստառը: ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, դրսևորելով նման վարքագիծ, փաստացի սկսել է իրագործել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Վլադիմիր Գասպարյանի կողմից «Հ1» հեռուստատեսության «ՙՀայլուր» հաղորդմամբ օրերս հայտարարած սպառնալիքի իրականացումը:
Ալիկ Սարգսյանի կողմից կատարված բռնարարքի վերաբերյալ' սահմանադրական իրավունքի ոտնահարման փաստի ականատեսը լինելով ցուցարարները հնչեցրել են տարբեր գնահատականներ: Ալիկ Սարգսյանը իր հասցեին հնչեցրած կարծիքներին պատասխանել է հանձնարարականով' ցուցարար Վարդգես Գասպարիին առանձնացնել և տանել ոստիկանություն, ինչի մասին բարձրաձայնում էին ցուցարարները և ոստիկաններ: Շուրջ 15 րոպե անց Ալիկ Սարգսյանի հանձնարարականը կյանքի կոչվեց մի խումբ ոստիկանների կողմից: Սկզբից նրանք Վարդգես Գասպարիին բանավոր խոսքով հրավիրում էին ոստիկանություն, ինչին Վարդգես Գասպարին առարկեց' մերժեց հրավերը' պահանջելով ներկայացնել օրինական հիմքեր: Ոստիկանական խումբը, ստանալով հրավերի մերժումը, դիմեց բռնի ուժի' հրելով այդ պահին Վարդգես Գասպարիի կողքին գտնվող ցուցարարներին և նրանց զորակցող ՀՀ ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին: Գետնին հայտնված Վարդգես Գասպարիին ոստիկանները բռնությամբ ի վերջո տեղափոխեցին ոստիկանական մեքենա և տարան:
Հիմք ընդունելով վերոգրյալը' գտնում ենք, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և բռնարարքներին մասնակցող ոստիկանների գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք արարքներ, որը հիմք է քրեական գործի հարուցման համար:
Լալա Ասլիկյան
Արթուր Սաքունց
Լևոն Բարսեղյան
Զարուհի Փոստանջյան
Լենա Նազարյան
Սոնա Այվազյան
Հ.Գ. Հոկտեմբերի 20-ին «Բանակն իրականում» նախաձեռնության անդամների ՀՀ կառավարության շենքի առջև անցկացրած բողոքի ակցիայի մասին կարող եք կարդալ և դիտել այստեղ:
Աղբյուրը՝ www.hra.am
