ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
S.O.S Սևան (վիդեո)

Հոկտեմբերի 19-ին ՀՀ նախագահի նստավայրի մոտից մեկնարկեց «S.O.S Սեւան» կանաչ ակցիան: Ակցիան ուղղված է Սեւանա լճի ավազանում' Սոտքում, «GeoProMining Gold» ընկերության կողմից ջարդող-տեսակավորող համալիրի անօրինական տեղակայման դեմ: Ակցիայի մասնակիցներն իրենց հայտարարությունը ուղեցին ՀՀ նախագահին, Գեղարքունիքի մարզպետարանին, ապա ուղեւորվեցին Սոտք:
«S.O.S Սեւան» կանաչ ակցիայի մասնակիցների հայտարարությունը
Բոլորին, բոլորին, բոլորին,
Հայաստանում իր գործունեության հենց սկզբից «GeoProMining Gold» ընկերությունը մտադրություն հայտնեց Արարատից ոսկու կորզման ֆաբրիկան տեղափոխել Սոտք' խախտելով «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքը: Օրենք, որը Սեւանը պաշտպանում է լճի համար վնասակար արտադրական ձեռնարկությունների ազդեցությունից: Երկու տարի շարունակ հասարակությունը պայքարեց ընկերության ծրագրերի դեմ' հայտարարելով S.O.S. Սեւան: Միայն երկրի նախագահի 2009թ. աշնանը դրսեւորած քաղաքական կամքի արդյունքում Սոտքում ոսկու կորզման արտադրության կառուցման նախագիծը փակվեց:
Երկու տարի անց ընկերությունը վերսկսել է իր ծրագրերի իրագործումը: Այլեւս քննարկում չկա բարձրաստիճան չինովնիկների եւ գիտական ինստիտուտների հետ, չկան նաեւ պաշտոնական փաստաթղթեր: 2011թ. մարտին առանց որեւէ թույլատրող փաստաթղթի, առանց բնապահպանական փորձաքննության անցկացման, հրաժարվելով մասնակցել Սոտք գյուղում տեղի ունեցած հասարակական լսումներին, անտեսելով երկրի օրենքները եւ առաջին հերթին «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքը, «GeoProMining Gold» ընկերությունը Սեւանա լճի ավազանում' Սոտքում, կառուցեց ջարդող-տեսակավորող համալիր: Չնայած նրան, որ ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի շրջանակներում ստեղծված մոնիտորինգային խումբը ընկերության գործողություններին ծայրահեղ բացասական գնահատական տվեց, չնայած Սոտքի հասարակական լսումների մասնակիցների' այդ անօրինությանը վերջ տալու մասին դիմումին' ուղղված բոլոր պատասխանատու մարմիններին, իրավասու մարմինների կողմից համարժեք պատասխան ռեակցիա չհետեւեց:
Մենք ունենք համազգային եւ պետական արժեք' Սեւանա լիճ: Սոտքում կառուցված նոր արտադրամասը բազմիցս ավելացնում է ոսկու կորզումից հետո ապարներում պարունակվող ծանր եւ տոքսիկ տարրերով, մկնդեղով, անտիմոնով, պիրտով Սեւանա լճի աղտոտման ռիսկերը: Մանրացված տեսքով այդ տարրերը հեշտությամբ վերածվում են տոքսիկ միացությունների եւ տարածվում շրջակա միջավայրում, ապա թափանցում Սեւանա լիճ: Ընկերության գործունեության ավարտից հետո այդ վայրում կմնա 100 միլիոն տոննա ապար, եւ որոշակի ժամանակ անց Սեւանը ոչ թե կմնա որպես 34 միլիարդ խմ քաղցրահամ ջրի ռազմավարական պաշար, այլ կվերածվի Սոտքի արտադրության պոչ լճի:
Ընկերությունը հաստատակամ է իր ծրագրերում, քանի որ արդեն զբաղվում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի վերազինմամբ, հզորության ավելացմամբ: Հայտարարում է, որ դրա համար օգտագործում է նոր տեխնոլոգիաներ: Բայց ամենանոր տեխնոլոգիան Սոտքի անօրինական արտադրամասն է' վերոնշյալ ջարդող-տեսակավորող համալիրը:
Պետական չինովնիկներից ոչ ոք պատասխանատվություն չի կրում Սեւանի էկոհամակարգի պահպանության համար' ոչ նրա համար, որ Սեւանա լճից անհետացել են ձկների արդյունագործական պաշաները, ոչ լեռնահանքային ձեռնարկությունների անօրինական գործունեության համար, ոչ նրա համար, որ շարունակվում է քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարի աղտոտման գործընթացը:
Մենք' S.O.S. Սեւան նախաձեռնող խումբը, պահանջում ենք, որպեսզի ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը ստուգումներ անցկացնի Սեւանի վերաբերյալ ահազանգների հիման վրա եւ հասարակայնությանը ներկայացնի համապատասխան ակտերը:
Պահանջում ենք, որպեսզի պետական մարմինները միջոցներ ձեռնարկեն անօրինաբար կառուցված համալիրի ապամոնտաժման ուղղությամբ եւ պատժեն «GeoProMining Gold» ընկերությանը' ՀՀ ազգային օրենսդրության խախտման համար:
Պահանջում ենք, որպեսզի ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, որոնց ստորագրություններն են դրված Սեւանա լճի ջրահավաք ավազանում գործող լեռնահանքային ընկերություններին թույլատրող փաստաթղթերի վրա, դադարեցնեն այդ ընկերությունների գործունեությունը մինչեւ մոնիտորինգ չանցկացվի' պարզելու նրանց գործունեության համապատասխանությունը «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի դրույթներին: Մասնավորապես խոսքը «GeoProMining Gold»-ի, «Գեգամետ Պլյուս»-ի, որը Սեւանա լճի ափից ընդամենը 2 կմ հեռավորության վրա զբաղվում է քրոմ պարունակող հանքանյութի վերամշակմամբ, եւ Արդանիշի թերակղզու յուրահատուկ կենսաբազմազանությամբ հարուստ բնական լանդշաֆտը ոչնչացնող «Միկա Ցեմենտ»-ի մասին է:
Մենք դիմում ենք բոլոր քաղաքական կուսակցություններին եւ մեր երկրի քաղաքացիներին: Չկա Սեւան, չկա եւ Հայաստան: Մոռացեք քաղաքական եւ այլ տարաձայնությունների մասին, միացեք մեզ' փրկենք Սեւանը:
Էկոլոգիական հասարակական դաշինք
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
«Թռչնասերների կենտրոն» ՀԿ
«Հայաստանի կանաչների միություն» ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե
«Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ
«Էկոդար» ՀԿ
Հայակական տեխնոլոգիական ակադեմիա
Ա1+
«Հիմա» քաղաքացիական նախաձեռնություն
Աղբյուրը՝ www.hra.am
