Մարդու իրավունքները ֆոտոխցիկում

Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ «Մարդու իրավունքները ֆոտոխցիկում» լուսանկարների մրցույթ-ցուցահանդեսը: 

«Այս նախաձեռնության նպատակն է հասարակության և պետության ուշադրությունը ևս մի անգամ սևեռել Հայաստանում մարդու իրավունքների հարցին և խրախուսել այս թեմայով հետաքրքրվող լուսանկարիչներին»,– ասաց ցուցահանդեսը նախաձեռնող «Սոցիոսկոպ» ՀԿ համանախագահ Էվելինա Գյուլխանդանյանը։ 

Ցուցահանդեսին մասնակցում էին տասնյակից ավելի լուսանկարիչներ՝ իրենց մարդու իրավուքներին առնչվող լուսանկարներով, որոնք ցուցադրված էին «Սիրահարների այգում»։

Միջոցառման ընթացքում հայտարարվեցին 3 մրցանակային լուսանկարների հեղինակների անունները: Ժյուրին 1-ին տեղը շնորհեց Նազիկ Արմենակյանի՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի երթը պատկերող լուսանկարին:

Արևիկ Մարտիրոսյանի և Վահե Բուդումյանի համատեղ աշխատանքը, որը պատկերում էր բացօթյա առևտրի թույլտվության համար պայքարողներին և նրանց տեսանկարահանող ոստիկաններին, զբաղեցրեց երկրորդ տեղը:

Մրցանակային երրորդ տեղը գրավեց Լիլիթ Մուրադյանի՝ հուսալի ապագայի ակնկալիքով Գյումրեցի տղայի լուսանկարը:

Հաղթողները պարգևատրվեցին համապատասխանաբար 100 հազար, 70 հազար և 50 հազարական դրամներով:Պարգևները հանձնեցին ժյուրիի անդամներ՝ Վահան Քոչարը (լուսանկարիչ), Նունե Հախվերդյանը (լրագրող, թատերագետ), Տիգրան Խզմալյանը (կինոռեժիսոր):

Միջոցառումը կազմակերպել էր «Սոցիոսկոպ» ՀԿ-ն՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:

Լուսանկարը՝ Նազիկ Արմենակյանի՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի երթը (որն էլ արժանացել էր առաջին մրցանակի)։

Աղբյուրը՝ www.hra.am