Պահանջում են ազատ արձակել իրավապաշտպանին

Հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունները միացել են  միջազգային գործընկերների պահանջին. ազատ արձակել Բելառուսում գործունեություն ծավալող իրավապաշտպան Ալես Բելյացկուն:

«Ալեսի գործն իրական մարտահրավեր է եվրոպական քաղաքական կառույցներին, միջազգային հանրությանը, մեզ բոլորիս։ Արևելյան գործընկերության վերջերս կայացած գագաթնաժողովի ժամանակ ոչ մի ետխորհրդային երկիր չմիացավ Եվրամիության երկրների՝ Բելառուսի նկատմամբ մեղադրական կոչին։ Սակայն Եվրամիության երկրների քաղաքական վերնախավը նաև շփոթմունքի մեջ է և մտել է մի յուրահատուկ առևտրի մեջ Բելառուսի իշխանությունների հետ։ Սկբում հնչեց 2.000.000.000 եվրո տրամադրելու մասին, եթե իրականացվեն բարեփոխումներ Բելառուսում, կարճ ժամանակ հետո խոսքը գնում է արդեն 9.000.000.000 եվրոյի մասին։ Անհրաժեշտ է մեր տարածաշրջանի բոլոր ժողովրդավար ուժերի համախմբում՝ թույլ չտալու համար մեր տարածաշրջանում ցինիզմի և անհեռանկար մարտավարության հաղթանակի. Ալեսի գործը դրա լակմուսի թուղթն է»,- կարծում է Արտակ Կիրակոսյանը՝ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) գլխավոր քարտուղարը։

2011թ. օգոստոսի 4-ին Բելառուսում ձերբակալվել է «Վյասնա» իրավապաշտպան կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Ալես Բելյացկին: Նա մեղադրվում է մեծ ծավալի հարկերից խուսափելու մեջ, ինչն ըստ Բելառուսի օրենսդրության՝ նախատեսում է մինչև 7 տարի ազատազրկում և ունեցվածքի բռնագրավում:

Նա քրեական պատասխանատվության առաջ է կանգնել այն բանից հետո, երբ Լիտվայի Արդարադատության նախարարությունը և Լեհաստանի Գլխավոր դատախազությունն Ա. Բելյացկու արտաքին ակտիվների մասին տեղեկատվություն են տրամադրել Բելառուսի իշխանությանը:

Լիտվայի և Լեհաստանի իշխանություննները հետագայում ներողություն են խնդրել Ա. Բելյացկուց և նրա ընատիքից ու դադարեցրել Բելառուսի հետ իրավական համագործակցության պայմանագրերը:

«Վյասնա» իրավապաշտպան կենտրոնը մշտապես իրականացրել է իրավապաշտպան ակցիաներ, պաշտպանել քաղաքական հայացքների համար հալածվող մարդկանց և չի թաքցրել իր գործունեությունը, չնայած 2003թ. Բելառուսի Գերագույն դատարանը կազմակերպությունը լուծարելու որոշում էր կայացրել:

««Վյասնան» նյարդայնացնում էր Բելառուսի  կառավարությանը բազում տարիներ, և նրանք լուրջ սպառնալիք են տեսել, որ ձերբակալել են Ալեսին, չնայած ակնհայտ բացասական ազդեցությանը և հնարավոր նյութական հետևանքներին: Մեր «կառավարական ընկերներին» ուզում եմ ասել, որ եթե իրենք որոշել են կուլ տալ Ալեսին, ապա նրանց կոկորդին կկանգնի, դրա համար մեր կենտրոնն ամեն ինչ կանի»,- ասել է «Վյասնայի» փոխտնօրեն Վալենտին Ստեպանովիչը՝ վստահեցնելով, որ հարկային խնդիրներ չկան և սա ընդամենը «Վյասնային» լռեցնելու փորձ է:

Հայաստանում գործող 19 կազմակերպություններ «Ազատություն Ալես Բելյացկուն»  վերտառությամբ բացիկ են պատրաստել՝ հնարավորինս լայն շրջանակների խնդրին ծանոթացնելու նպատակով: Բացիկը կուղարկվի նաև Ալես Բելյացկուն՝ ի նշան աջակցության:

Ալես Բելյացկու ձերբակալության մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ, կարող եք ծանոթանալ նաև Արտակ Կիրակոսյանի բաց նամակին։

Աղբյուրը՝ www.hra.am