ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վերաքննիչ դատարանում ավարտվեց «Հետքի» լրագրողի բողոքի քննությունը
Հոկտեմբերի 5-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում կայացավ «Հետքի» լրագրող Գրիշա Բալասանյանի վերաքննիչ բողոքի քննությունը (նախագահող դատավոր՝ Գոհար Մարտինյան):
Լրագրողը պատվին և արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցման պահանջով դատական հայց էր ներկայացրել ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի դեմ՝ պահանջելով հրապարակավ ներողություն և 1 միլիոն դրամ բարոյական վնասի փոխհատուցում:
Լրագրողի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը www.hra.am -ին փոխանցեց, որ Վերաքննիչ դատարանում կայացած առաջին և միակ նիստի ժամանակ նախագահող դատավորը զեկուցել է գործի մասին: Համանախագահող դատավորները գործի վերաբերյալ հարցեր չեն ուղղել ո՛չ զեկուցող դատավորին, ո՛չ բողոքաբերի ներկայացուցչին: Գործի քննությունը համարվել է ավարտված: Հոկտեմբերի 12-ին դատարանը կհրապարակի կայացված վճիռը:
Հունիսի 6-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Աիդա Դավթյան) վճռեց ամբողջությամբ մերժել «Հետքի» լրագրող Գրիշա Բալասանյանի հայցը:
Հիշեցնենք, որ մեկնաբանություններ ստանալու նպատակով «Հետքի» լրագրողը զանգահարել էր Ռուբեն Հայրապետյանին, իսկ վերջինս անպատվել և հայհոյել էր նրան նույնիսկ այն բանից հետո, երբ իմացել էր, որ խոսակցությունը ձայնագրվում է: Հավելենք, որ Ռուբեն Հայրապետյանը հարցաքննության ժամանակ չէր հերքել, որ անպատվել է լրագրողին՝ պատճառաբանելով, որ այդ օրն ինքը եղել է նյարդայնացած ու վատառողջ:
Աղբյուրը՝ www.hra.am
