ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԿԳՆ նախարարը խոստանում է հակակոռուպցիոն «հեղափոխական» բարեփոխումներ

«Ես ինքս դժգոհ եմ կոռուպցիայի նվազման տեմպերից մեր հանրակրթական, միջին մասնագիտական և հատկապես՝ բարձրագույն ուսումնական համակարգում»,- հոկտեմբերի 5-ին ԵԱՀԿ Երևանյակ գրասենյակի կազմակերպած սեմինարի ժամանակ ասաց ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Աշխատանքային եռօրյա սեմինարը նվիրված է բուհական համակարգում հակակոռուպցիոն ռազմավարությանը և նպատակ ունի քննարկման և փորձի փոխանակման դաշտ ստեղծել ԿԳՆ պաշտոնյաների, բուհերի վարչական աշխատողների և ուսանողների համար:
«Կրթության ոլորտում կոռուպցիան բացասաբար է ազդում կրթության որակի վրա՝ ուսանողին զրկելով որակյալ կրթություն ստանալու իրավունքից»,- իր ողջույնի խոսքում նշեց ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրան:
Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում բոլոր բուհերը մշակել են իրենց սեփական հակակոռուպցիոն ծրագրերը և ամեն տարի ԿԳՆ պետք է ներկայացնեն ծրագրի կատարման հաշվետվություն: ԿԳ նախարարի խոսքերով՝ կան բուհեր, որոնք ձևական փաստաթուղթ են մշակել:
Այն բուհը, որտեղ բարձր են կոռուպցիոն ռիսկերը, ցածր է կրթության որակը: Այս սկզբունքից ելնելով՝ պետությունը որոշել է ֆինանսավորման հարցում հաշվի առնել տվյալ բուհում կրթության որակը և արդյունավետությունը: Ֆինանսավորման նոր մեխանիզմը կներդրվի հաջորդ տարվանից:
«Այս դեպքում բուհերն արդեն ֆինանսական շահագրգռվածություն կունենան իրականացնելու ցավոտ, բայց անհրաժեշտ բարեփոխումներ իրենց ուսումնական գործընթացի կազմակերպման և իրականացման հարցում»,- նշեց Արմեն Աշոտյանը:
Նախարարի խոսքերով՝ կրթության ոլորտում փոփոխութուններ են սպասվում, որոնք «հեղափոխական» են լինելու կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և ուսանողների իրավունքների պաշտպանության տեսակետից:
«Ամենամեծ կոռուպցիոն ռիսկերը առկա են քննական շրջանում: Նոր փոփոխություններով քննություն ստանալ-չստանալու խնդիրը ճակատագրական չի լինելու ուսանողների համար»,- հավաստիացնում է Աշոտյանը:
Մերի Ալեքսանյան
Նկարը` www.mediamax.am
Աղբյուրը՝ www.hra.am
