Մոմավառություն ի հիշատակ Զարուհի Պետրոսյանի (վիդեո)

Հոկտեմեբերի 3-ին Կարապի  լճի մոտ  մարդիկ մոմավառությամբ հարգեցին Զարուհի Պետրոսյանի  հիշատակը:

Զարուհին մեկ տարի առաջ  ոչ պաշտոնական վարկածով, հարազատների պնդմամբ՝ ամուսնու՝ Յանիս Սարկիսովի ծեծի հետևանքով է մահացել: Խաղաղապահ գնդի պայմանագրային զինծառայող Յանիս Սարկիսովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, այսինքն՝ առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելու, որն անզգուշությամբ մահ է առաջացրել, որն էլ նախատեսում է 6-10 տարի ազատազրկում: Գործն այժմ քննվում է Արարատի մարզի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում։

Յոթը հասարակական կազմակերպություններից կազմված «Ընդդեմ կանանց նկատմամբ բռության կոալիցիա»-ն էր  կազմակերպել հիշատակի արարողությունը: Կոալիցիայի անդամները կարծում են, որ այս դեպքից հետո մարդիկ ավելի ուշադիր են դարձել, թեժ գծով կանանցից ստացվող զանգերի թիվն էլ մեծացել է:

«Դա պայմանավորված է, ոչ թե նրանով, որ բռնությունների թիվն է ավելացել, այլ, որ կանայք դարձել են ավելի համարձակ իրենց հուզող խնդիրները բարձրաձայնելու մեջ»,- ասում է Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ-ի ղեկավար Լարա Ահարոնյանը:

Հ.Գ. Նույն ժամանակահատվածում հարակից՝Ազատության հրապարակում  ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը շարունակում էր շուրջօրյա հանրահավաքը՝ հայրենասիրական բարձրահունչ երաժշտության ներքո։

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը' www.hra.am