ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Իրավական կլինիկա՝ ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի համար
«Իրական աշխարհ, իրական մարդիկ» և «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (PINK Armenia) հասարակական կազմակերպությունները սկսում են իրականացնել «Իրավական կլինիկա առավել վտանգի ենթարկված բնակչության համար» ծրագիրը: Ծրագրի շահառուները չորս հիմնական խմբի մարդիկ են՝ ՄԻԱՎ (Մարդու իմունային անբավարարության վիրուս) վարակով ապրող մարդիկ, թմրամիջոց օգտագործողներ, սեռական ծառայություններ տրամադրողներ և տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունեցող տղամարդիկ:
Ծրագրի շրջանակներում գործելու են անվճար և շուրջօրյա թեժ գծեր 099 522 533 և 077 522 533 հեռախոսահամարներով: Իրավական կլինիկան շահառուներին մատուցելու է հետևյալ ծառայությունները՝ իրավաբանական խորհրդատվություն, շահերի պաշտպանություն պետական և ոչ պետական կառույցներում, այցելություն ոստիկանության բաժին, եթե շահառուին հանիրավի ձերբակալել են կամ բերման ենթարկել, հարկ եղած դեպքում՝ դատական պաշտպանություն: Ծառայություններն անվճար են և անանուն:
«Այն խարանը և խտրականությունը, որ այսօր առկա է մեր հասարակության մեջ այս 4 խմբերի նկատմամբ, իրենցից ներկայացնում են մեծ խոչընդոտ, որպեսզի այդ խմբի մարդիկ ներգրավվեն ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերում կամ ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց խնամքի և աջակցության ծրագրերում և ստանալ համապատասխան ծառայություններ»,- ասում է «Իրավական կլինիկա առավել վտանգի ենթարկված բնակչության համար» ծրագրի ղեկավար Մարինե Մարգարյանը: Նրա կարծիքով՝ իրավական կլինիկայի հիմնմամբ իրենք կարող են նաև նպաստել ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի ներգրավման մեծացմանը ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերում, ինչպես նաև ՄԻԱՎ վարակակիրների ներգրավմանը խնամքի ու աջակցության ծառայություններում:
«Իրական աշխարհ, իրական մարդիկ» և «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ներն ակնկալում են իրենց գործընկերների աջակցությունը. կազմակերպություններ, որոնք կմիանան ծրագրին, հուշագիր կստորագրեն և կպարտավորվեն ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել վտանգի ենթարկված խմբի մարդկանց ուղղորդել իրավական կլինիկա՝ համապարփակ ծառայություններ ստանալու նպատակով:
«Իրավական կլինիկա առավել վտանգի ենթարկված բնակչության համար» ծրագիրը ֆինանսավորվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» կողմից:
Աղբյուրը՝ www.hra.am
