ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հերթական դատական հայցը լրատվամիջոցի դեմ

«Արմավիա» ավիաընկերության սեփականատեր, գործարար Միխայիլ Բաղդասարովը դատի է տվել «Չորրորդ ինքնիշխանություն» («ՉԻ») օրաթերթին: Նա պահանջում է հերքում տպագրել և թերթից 2 միլիոն դրամ բռնագանձել գործարար համբավն արատավորող տեղեկատվություն հրապարակելու համար:
Հայցի պատճառ է դարձել թերթում տպված՝ «Արմավիա՞ն է զենք մատակարարել» վերնագրով տեղեկատվությունը, որը «ՉԻ»-ն արտատպել է www.Epress.am կայքից:
Սեպտեմբերի 29-ի համարում «Չորրորդ ինքնիշխանությունը» պարզաբանում է տարածել, ըստ որի՝ հայցադիմումում լուրի վերնագիրը նշված է առանց հարցականի, մինչդեռ իրականում թերթը ոչ թե հաստատում, այլ հարցադրում է անում՝ «Արմավիա՞ն է զենք մատակարարել»:
Epress.am -ը սեպտեմբերի 14-ին տարածել է «Հայկական ավիրաընկերությունը զե՞նք էր մատակարարում Լիբիային» տեղեկատվությունը, որտեղ մեջբերում է Մոլդովայի ազգային բանակի հրամանատար, գեներալ Յուրի Դոմինիկի խոսքերը, ով ասել է, որ զենքերի հերթական բաժինը վերցնելու և վերադառնալու նպատակով Լիբիայից Մոլդովա ժամանած Իլ-76 ինքնաթիռը պատկանում է «հայկական քաղաքացիական ավիաընկերությանը»:
Կայքը պարզաբանում է տարածել, որ լուրի սկզբնաղբյուրը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքում տեղադրված տեղեկատվությունն է, որը ճշտելու համար կայքի լրագրողը դիմել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի մամուլի քարտուղարին: Վերջինս ասել է, որ այդ հարցի առնչությամբ մեկնաբանություն կարող է տալ «Արմավիան»: «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղարը հեռախոսազանգին չի պատասխանել:
Տեղեկատվության հրապարակման հաջորդ օրը Epress.am-ը հրապարակել է «Արմավիայի» պարզաբանումն այն մասին, որ ավիաընկերությունը երբեք չի ունեցել «ԻԼ 76» ինքնաթիռ և բեռնափոխադրումներով չի զբաղվում: Պարզաբանումը արտատպել է նաև «ՉԻ»-ն:
«Արմավիա» ավիաընկերությունը «Չորրորդ ինքնիշխանությանը» պահանջում է հերքում տպագրել, սակայն թերթը հրաժարվում է՝ մատնացույց անելով տեղեկատվության աղբյուրներին: «ՉԻ» գլխավոր խմբագիր Շողեր Մաթևոսյանը հայցի ենթատեքստում այլ խնդիր է տեսնում: Նրա խոսքերով՝ սա հաշվեհարդար է թերթի դեմ այն բանի համար, որ տարիներ շարունակ իր ուշադրության կենտրոնում է պահել Միխայիլ Բաղդասարովի բիզնես գործունեությանը:
Շողեր Մաթևոյանը ապատեղեկատվություն է համարում այն, որ ըստ հայցադիմումի՝ Epress.am կայքում «Արմավիայի» անունը հիշատակված չի եղել: Հայցում սխալ է նշված նաև պատասխանողի անունը՝ «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ («Չորրոդ իշխանություն»):
Հիշեցնենք, որ 1999թ. Միխայիլ Բաղդասարովը 25.000 դոլարի հայցապահանջ էր ներկայացրել «Օրագիր» թերթի դեմ և շահել էր, որի արդյունքում օրաթերթը սնանկացավ և փակվեց:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
