www.ela.am. նոր գործիք արտահայտվելու ազատության իրավունքով հետաքրքվողների համար

Սեպտեմբերի 28-ին «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն ներկայացրեց իր նորաստեղծ www.ela.am կայքը, որն օգտակար գործիք կլինի բոլոր նրանց համար, ովքեր առնչվում են արտահայտվելու ազատության իրավունքի պաշտպանությանը՝ լրագրողներ, փաստաբաններ, դատավորներ:

Կայքի էլեկտրոնային գրադարան բաժնում տեղադրված են մարդու իրավունքներին և մասնավորապես արտահայտվելու ազատությանը վերաբերող միջազգային փաստաթղթեր, գրքեր, զեկույցներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) և տեղական դատարանների կայացրած վճիռները:

«Մեր հետազոտությունը բացահայտել է, որ փաստաբանները զուտ լեզվական խնդիրների պատճառով հնարավորություն չեն ունենում ծանոթանալ ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներին և, ըստ էության, չեն կարողանում կոնվենցիայով սահմանված պաշտպանության միջոցներից օգտվել դատարաններում: Դատավորների շրջանում էլ ենք մենք բացահայտել նույն վիճակը, երբ շատ դեպքերում դատավորը պատշաճ ձևով տեղյակ չլինելով ՄԻԵԴ-ի սկզբունքներին, գործը սխալ ուղղությամբ է տանում»,- ասում է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ անդամ, իրավաբան Գենյա Պետրոսյանը:

Կայքում հայերեն լեզվով թագմանված և տեղադրված են ՄԻԵԴ-ի 60 կարևորագույն վճիռները, որոնք վերաբերում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին՝ ազատ արտահայտվելու իրավունք: Կազմակերպության անդամները խոստանում են, որ այդ գործերի թիվը ընթացքում կավելանան:

Նորություններ բաժնում զետեղված են վիրավորանքի և զրպարտության հոդվածների ապաքրեականացումից հետո հայկական ԶԼՄ-ների դեմ ներկայացված դատական հայցերը, դրանց ընթացքի վերաբերյալ հոդվածներ և դատարանների՝ արդեն ուժի մեջ մտած վճիռները:

Ela.am-ը ստեղծվել է «Լրատվամիջոցների արտահայտվելու ազատության պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։  

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am