ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԱԳՆ–ն պատասխանատու չէ՞ Դիվանագիտական դպրոցի գործողությունների համար

Սեպտեմբերի 26-ին ՀՀ վարչական դատարանում (դատ.՝ Արգիշտի Ղազարյան) ընթացավ Արտակ Բեգլարյանի հայցադիմումի լսումը։ Արտակ Բեգլարյանը պահանջում է վերացնել ՀՀ արտաքին գործերի նախարարի՝ իր դիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը։
Հիշեցնենք, որ Արտակ Բեգլարյանը 2011 թ. հունվարի 26-ին դիմել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) դիվանագիտական դպրոցում սովորելու համար, սակայն ԱԳՆ-ում մերժել են ընդունել դիմումի փաստաթղթերը: Այդ որոշումը ԱԳՆ պաշտոնատար անձինք բանավոր կերպով հիմնավորել են հայցվոր Արտակ Բեգլարյանի կույր լինելու փաստով և 13/02/2002թ.-ի ՀՀ կառավարության թիվ 121 որոշմամբ նախատեսված վիճարկելի սահմանափակումներով:
Դատական նիստի ընթացքում ԱԳՆ-ի ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանն առարկեց հայցվորի՝ ԱԳՆ որոշումը վերացնելու պահանջի դեմ՝ պատճառաբանելով, որ Արտակը չի դիմել նախարարությանը, իսկ նախարարությունը չի մերժել հայցվորի դիմումը, քանի որ դիվանագիտական դպրոցը հիմնադրվել է որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար, իսկ ԱԳՆ-ն պատասխանատվություն է կրում ՊՈԱԿ-ի համար մինչև պետական կազմակերպության պետական գրանցումը ծագած պետական կազմակերպության ստեղծման հետ կապված պարտավորությունների համար:
«Ուստի դիվանագիտական դպրոցի դասընթացի մասնակցության մրցույթի հետ կապված գործողությունների համար նախարարությունը պատասխանատվություն չի կրում, իսկ դիվանագիտական դպրոցի նմանատիպ գործողությունները չեն կարող համարվել նախարարության գործողություններ: Դիվանագիտական դպրոցը նաև վարչական մարմին չէ, քանի որ այն պետական մարմին չէ և չի իրականացնում վարչարարություն, մինչդեռ վարչական մարմին համարվելու համար դրանք պարտադիր պայմաններ են: Այդ իսկ պատճառով էլ խնդրում ենք հայցը մերժել»,- նշեց Արա Զոհրաբյանը:
Արտակ Բեգլարյանի փաստաբան Վահե Գրիգորյանի այն հարցին, թե ԱԳՆ-ն չի՞ կարծում արդյոք, որ հայցվորի խտրականությունից զերծ լինելու սահմանադրական իրավունքը խախտվել է, ԱԳՆ-ի ներկայացուցիչը պատասխանեց. «Քանի որ հայցապահանջը դիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը վերացնելն է, ապա ԱԳՆ-ն գտնում է, որ այդպիսի վարչական ակտ չի կատարել, ուստի չկայացրած վարչական ակտի մասով չի կարող որևէ կերպ պատասխանատվություն կրել: Ուստի վերոնշյալ հարցի հետ կապված նախարարությունը ձեռնպահ է մնում որևէ դիրքորոշում հայտնելուց: Մենք պատշաճ պատասխանող չենք»,- նշեց պարոն Զոհրաբյանը:
Դատավարությանը ներկա Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը ( հայցվորը պահանջում է նաև բարոյական վնասի փոխհատուցում) նշեց, որ հայցվորի ոչ մի իրավունք չի խախտվել, քանի որ դիվանագիտական ծառայության մասին ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի գ. կետի համաձայն դիվանագիտական ծառայության պաշտոնի չեն կարող նշանակվել այն անձինք, ովքեր տառապում են այնպիսի հիվանդությամբ, որը ծառայության ընթացքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունները և լիազորություները իրականացնելուց:
«Հիվանդությունների ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը: Իսկ ԱԳՆ-ի 2009թ.-ի հոկտեմբերի 12-ի թիվ 1/14 12-Ն հրամանով հաստատված կարգով դիվանագիտական ծառայության մասին ՀՀ օրենքի պահանջի համաձայն դիվանագիտական դպրոցի դասընթացներին չեն կարող մասնակցել այն անձինք, ովքեր տառապում են ՀՀ կառավարության կողմից հաստատված հիվանդությունների ցանկում տեղ գտած հիվանդություններից մեկով, այդ թվում և տեսողության հետ կապված խնդիրներով», -ասաց Ֆինանսաների նախարարության ներկայացուցիչը։
Ինչ վերաբերում է բարոյական վնասի փոխհատուցմանը, ապա ըստ Ֆինանսների նախարարության՝ սա ևս անհիմն պահանջ է, քանի որ ըստ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի սահմանվում է փոխհատուցում զրպարտանքի, վիրավորանքի և այլնի համար, մինչդեռ այս կետերից ոչ մեկը չի կիրառվել հայցվորի հանդեպ:
Արտակ Բեգլարյանի կարծիքով՝ արտգործնախարարի կողմից իր դիմումի ընդունումը մերժելը հիմնավորված իր կույր լինելու փաստով և առանց իրավական հիմքերի, ուղղակիորեն հանգեցրել է խտրականությունից զերծ լինելու և կրթություն ստանալու իր իրավունքների խախտման։
ՀՀ վարչական դատարանը հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14.50, կհրապարակի վճիռը։
Սոֆյա Մանուկյան
Աղբյուր` www.hra.am
