ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Առողջական խնդիրներ ունեցողների նկարչական դասերը դադարեցվել են. տարածք չկա

«Շող» գեղագիտական ստուդիայի 14-52 տարեկան էպիլեպսիայով և մանկական ուղեղային կաթվածով հիվանդ տասից ավելի սաներ զրկված են նկարչական դասերի գնալու իրենց հնարավորությունից, քանի որ դասերի համար տարածք չունեն։
Հայ ավետարանական եկեղեցին 8 ամիս առաջ բարեգործական նպատակներով տարածք էր տրամադրում, բայց այժմ հրաժարվել է օգնել նրանց։ Ստուդիան դիմել է մի քանի պետական հաստատությունների և այլ ստեղծագործական խմբակներ ունեցող կառույցների, բայց դեռևս տարածք չի գտնվել նրանց համար։
Առողջական խնդիրներ ունեցողներ մարդկանց նկարչական դասեր էր տալիս մի հայ ոստիկան՝ 46-ամյա Արա Հարությունյանը. նա միակ մասնագետն է Հայաստանում, ով վկաների նկարագրածի հիման վրա կազմում է հանցագործի դիմանկարը:
«Մի քանի դպրոց դիմել եմ խնդրանքով ստեղծել դասարան որտեղ հաշմանդամ երեխաները կունենան հնարավորություն ստեղծագործելու, բայց չեմ նշի էլի որոնք, ասել են իսկ ի՞նչ օգուտ կունենամ ես, եկամուտս ո՞րն է և նման բաներ, ես էլ ասել եմ ես եկամուտ չեմ հետապնդում, ասել եմ, որ ուզում եմ օգնել էս մարդկանց»,- հայտնում է Հարությունյանը։
Նա պատրաստ է տարածք ունենալու դեպքում ամեն շաբաթ շարունակել պարապմունքները, քանի որ ուզում է իր սաները զգան իրենց այս հասարակության լիարժեք անդամ։
«Բացի այդ, ես իմ խղճի առջև եմ աշխատում, քանի որ ամեն անգամ այս սենյակ մտնելիս քննություն եմ տալիս նրանց առջև, նրանք ինձ օգնում են վերացնել այն բացասականը, որը կուտակվում է աշխատանքային շաբաթվա ընթացքում»,- խոստովանում է Հարությունյանը։
Մոնիկա Սահակյանը, ով մանկությունից անվասայլակ է օգտագործում ուղեղային կաթվածի պատճառով, պատմում է, որ այս դասերի շնորհիվ կարողանում է նկարելով ներկայացնել իր տխրությունն ու ուրախությունը:
«Ուրախությունս արտահայտում եմ սպիտակ, կարմիր, կապույտ, դեղին, կանաչ գույներով, իսկ տխրությունս սև գույնն է, բայց իմ սևը միշտ ունի նաև պայծառ երանգներ»,- ասում է նա։
Սահակյանը արդեն 4 ցուցահանդես է ունեցել «Նարեկացի» արվեստի միությունում, որոնցից երեքն անհատական բնույթ են կրել։ Մոնիկան նաև հաշմանադմամություն ունեցող ստեղծագործողների համահայկական մրցույթի ժամանակ առաջին մրցանակն է ստացել տարիներ առաջ։
«Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը նշում է, որ մտավոր խնդիրներ ունեցող, թերզարգացած մարդկանց համար Հայաստանի օրենսդրությունը որևէ հատուկ պայման չի ստեղծում, այն, ինչ որ կա վերաբերում է ընդհանուր հաշմանդամություն ունեցող մարդկանց։
«Մեծ գործ անում են հասարակական կազմակերպությունները, որոնք բացում են տարբեր խմբակներ, ցերեկային կենտրոններ և փորձում են մարդկանց որոշ չափով ներառել հասարակական կյանքի մեջ, պետությունն էլ որոշակի ծրագրեր ունի, բայց դրանք, իհարկե, համակարգված չեն և անելիքները շատ- շատ են, որ այդ խոցելի խավը դառնա հասարակության լիիրավ անդամ» ,- ասում է Ալավերդյանը։
Ինչպես հաղորդում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը՝ նման ծրագրեր մշակվում է միայն Հայաստանի հատուկ դպրոցներում, իսկ հաշմադամության խնդիրներ ունեցող տարիքով մեծ մարդկանց հետագա կրթության և հասարակության մեջ ինտերգրվելու ծրագրեր չկան։
Այս ոլորտը կարգավորվում է 24 իրավական ակտերով, որոնց մեջ է նաև ՀՀ-ում 2010թ.Հոկտեմբերի 22-ից ուժի մեջ է մտած «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիան:
Նշենք, որ հանրապետությունում պաշտոնական տվյալներով` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը իրականացվում է 22 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում, որտեղ 2010 թ. ընթացքում սովորել է շուրջ 2600 երեխա:
Երևանի հատուկ դպրոցներից մեկի՝ Երևանի Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի փոխտնօրեն Դոնարա Հովհաննիսյանը նշում է, որ իրենք ունեն 70 սան, որոնց բացի դպրոցական առարկաները մինչև 19 տարեկանը սովորեցնում են նաև նկարչություն, ասեղնագործություն, փայտագործություն՝ հետագայում աշխատանք գտնելու հնարավորությունը մեծացնելու համար։
ՀՀ հաշմանդամության հիմնախնդիրների վերաբերյալ 2011թ-ի ազգային զեկույցի տվյալներով` 2010թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է եղել 179257 հաշմանդամ: Մեկ տարվա ընթացքում նրանց թիվն աճել է ավելի քան հինգ հազարով. 2011թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվառված է 185080 հաշմանդամություն ունեցող մարդ:
Նույն զեկույցի մեջ առանձնացված են հաշմանդամության խնդիրներ ունեցողների կրթության և այլ զբաղմունքենր ունենալու իրավունքի մասին:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողուհի Հելենա Մելքոնյանը ֆիլմ է նկարել հիվանդ երեխաներին նկարել սովորեցնող ոստիկանի մասին՝ կոչ անելով հետևել նրա օրինակին, նաև՝ օգնել, որ այս երեխաներն ունենան նկարելու սեփական տարածք։
Ինչպես ֆիլմում Արայի սաներն են նշում՝ նկարելու շնորհիվ իրենք սկսել են մտածել, որ ապրել պետք է, որ կյանքն իմաստ ունի։
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
