Համայնքապետն ընդդեմ «Հետքի» թղթակցի

Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանը հայց է ներկայացրել «Հետքի» թղթակից Ադրինե Թորոսյանի դեմ' պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով:

Համայնքապետը պահանջում է «զրպարտության համար պարտավորեցնել պատասխանողին «Հետք» թերթով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, վիրավորելու համար նույն թերթով ներողություն խնդրել իրենից և պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաև' դատական ծախսերը»:

«Հետքում» տպագրվել է «Գյուղապետի հասցեին ասված «արածել» բառն արժե 1 միլիոն» վերնագրով հոդվածը, որում Ադրինե Թորոսյանը լուսաբանում է Լեռնապատի համայնքապետի և համագյուղացու միջև ծագած դատական գործընթացը։ Հոդվածի հեղինակը նյութում գրել է, որ համայանքապետը ֆինանսական փոխհատուցում է պահանջել համագյուղացուց.այս միտքը և նյութի վերնագիրը Վանո Եղիազարյանը համարել է զրպարտություն և վիրավորանք ու հայց ներկայացրել դատարան։

Հոկտեմբերի 14-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում (դատավոր Վ. Հովնանյան) տեղի կունենա նախնական դատական նիստ։

Աղբյուրը՝ www.hra.am