Անարգել տեղաշարժվելու իրավունքը բոլորինն է (վիդեո)

Սեպտեմբերի 23-ին Արամ Խաչատրյանի արձանի մոտ կազմակերպված ֆոտոցուցահանդեսի նպատակն էր ներկայացնել սայլակավոր հաշմանդամների անարգել տեղաշարժման իրավունքի իրագործման պատկերը փողոցների, շենքերի և հասարակական տրասնպորտի ֆիզիկական մատչելիության տեսանկյունից:

«Թեև ոլորտում խնդիրները շատ են, այնուամենայնիվ, անկախության 20 տարիների ընթացքում որոշակի գործողություններ արվել են և այս ցուցահանդեսով մենք փորձ ենք արել ներկայացնել այս տարիների ձեռքբերումները ՀՀ-ում»,-նշեց Ունիսոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը։

Նրա կարծիքով՝ մեզ մոտ այսօր էլ ավելի շատ խոսվում է հաշմանդամների համար անարգել միջավայր ստեղծելու մասին, քան լուծումներ են ստանում ոլորտի բազմաթիվ խնդիրները. «Ցանկանում ենք բարձրաձայնել և դժգոհություն հայտնել տեմպերի մասին, քանի որ շատ դանդաղ է այդ ամենը արվում, մինչդեռ հաշմանդամություն ունեցող քաղաքացին ունի նույն իրավունքները, ինչ որ մյուս հայրենակիցները: Իրավունքն ունեն, սակայն հնարավորություն չունեն այցելելու մշակութային կենտրոններ, պետական մարմինների կառույցներ, առևտրի կենտրոններ: Ուստի այս ծրագրով առաջ ենք քաշում իրավահավասարություն և շեշտում, որ անարգել տեղաշարժվելու իրավունքը բոլորինն է»:

Արմեն Ալավերդյանը նաև նշեց, որ նման միջոցառումներով փորձ է արվում գրավել ինչպես պետական կառույցների,այնպես էլ՝ բիզնեսների ուշադրությունը, որպեսզի կոնկրետ քայլեր ձեռնարկեն իրենց շինությունները հաշմանդամություն ունեցող անձանց համար ավելի մատչելի դարձնելու համար, իսկ հասարակական տրանսպորտն էլ առավել հարմարեցված հաշմանդամ մարդկանց կարիքների համար:

«Հորդորում եմ կառուցապատողներին, ճարտարապետներին, որ երբ շենք են կառուցում, թեքահարթակներ կառուցելու փոխարեն պարզապես հարթ և հավասար մուտք կառուցեն, ինչը ոչ միայն կիրառվում է մի շարք զարգացած երկրներում, այլև շատ ավելի էժան է, քան երբ կառուցում են մի քանի աստիճաններ, իսկ հետո մտածում ինչպես այն հարմարեցնել հաշմանդամների համար: Սա նաև հարմար է գեր մարդկանց, ծերերին, երեխաների սայլակներին: Դե իսկ ներսում էլ պետք է հարմարեցվեն վերելակները»,- ասում է պարոն Ալավերդյանը:

Ցուցահանդեսը կազմակերպվել է «Անարգել տեղաշարժ' իրավունք բոլորի համար» ծրագրի շրջանակներում, որը Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ իրականացնում են «Ունիսոն» և «Ասղտիկ» ՀԿ-ները: Ցուցահանդեսի անցկացմանն աջակցել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության «Զբաղվածության պետական ծառայության» գործակալությունը:

Նյութը և լուսանկարները' Սոֆյա Մանուկյանի
Տեսանյութը՝ Կարինե Իոնեսյանի
Աղբյուրը՝ www.hra.am