ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նոր կայք, որն ապահովելու է տեղեկատվության թափանցիկությունը

Սեպտեմբերի 22-ին Տեղեկատվության ազատության կենտրոնը հանրությանը ներկայացրեց www.givemeinfo.am կայքը, որի նպատակն է նպաստել Հայաստանում տեղեկատվության ոլորտում թափանցիկության ապահովմանը:
Կայքը հնարավորություն է տալիս պետական և հանրային նշանակության կառույցներին ուղղված տեղեկատվական հարցումները և դրանց պատասխանները մուտքագրել կայք և ստեղծել տեղեկատվության շտեմարան: «Սա հրապարակայնության բացառիկ հնարավորություն է ստեղծում երկու կողմի համար էլ՝ թե՛ պետական և հանրային կառույցների, թե՛ հանրության՝ տեսնելու, թե ով ում ինչ հարցում է ուղղել և ինչ պատասխան է ստացել»,- ասում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը:
Հենց առաջին էջում ընթերցողը կարող է ծանոթանալ կայքում տեղադրված հարցումների ընդհանուր պատկերին՝ գրաֆիկի տեսքով: Այս պահի դրությամբ կայքում տեղադրված հարցումների ընդհանուր թիվը 440-ն է, որոնցից 41 տոկոսին ժամանակին տրվել է լիարժեք պատասխան: Ուշացած, բայց լիարժեք պատասխան է տրվել հարցումների 24 տոկոսին: Քիչ չեն անպատասխան թողնված հարցումները (լուռ մերժումներ)՝ 24 տոկոս:
Նմանատիպ գրաֆիկներ կան նաև յուրաքանչյուր գերատեսչության համար առանձին-առանձին:
Կայքում այս պահին տեղադրված հարցումները Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ)՝ 2011 թթ մայիս-հունիս ամիսներին իրականացրած մոնիտորինգի արդյունքներն են: Մոնիտորինգն իրականացվել է հարցումների միջոցով, որոնք ուղարկվել են գրավոր և բանավոր՝ 10 դիմողի անունից, այդ թվում՝ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի:
«Մենք փորձելու ենք հնարավորինս իրազեկել հանրությանը այս կայքի գոյության մասին: Եվ ուզում ենք, որ բոլորը այս կայքը ընկալեն որպես իրենցը, ոչ թե որպես Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կայք»,- ասում է ծրագրի ղեկավար Լիանա Դոյդոյանը՝ ավելացնելով, որ իրենք արդեն արձագանքներ ունեն պետական մարմինների կողմից, ինչը նշանակում է, որ հետաքրքրություն կա կայքի նկատմամբ:
www.givemeinfo.am կայքի աշխատանքներում ներգրավված են տեղեկատվական ոլորտի փորձագետներ Ալբերտ Պողոսյանը և Սամվել Մարտիրոսյանը:
«Կայքի նպատակն է ներգրավել շատ մարդկանց և ակտիվացնել՝ ցույց տալ, որ ինչքան ակտիվ ես, այնքան քո իրավունքները պաշտպանված են»,- ասում է Ալբերտ Պողոսյանը, ով նաև կայքի մտահղացման հեղինակն է:
Կայքում կարելի է գտնել նաև տեղեկատվության հարցման ձևանմուշներ, ինչպես նաև տեղեկատվության ազատության ոլորտի մոնիտորինգներ և վերլուծություններ:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
