Փորձագիտական եզրակացության մեջ նշված չէ, որ Թռչկանը բնության հուշարձան է

«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները պահանջում են Չիչխան գետի վրա փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման համար անցկացնել նոր փորձաքննություն՝ պարզելու համար, թե հէկ-ը ինչպես կազդի ջրվեժի վրա: Այս մասին սեպտեմբերի 17-ին «Արմատ» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեցին անկախ փորձագետ Արմեն Քեշիշյանը և աշխարհագրագետ Լևոն Գալստյանը:

ՀՀ բնապահպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ նույնպես նրանք բարձրացրել են այն հարցը, որ անցած տարվա հունիսին Թռչկան ջրվեժի վրա հէկ կառուցելու նպատակով կատարված փորձագիտական եզրակացության մեջ խոսք անգամ չկա այն մասին, որ Թռչկանը բնության հուշարձան է, որը հատուկ պահպանության կարիք ունի: Եզրակացության մեջ նշված է, որ «ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շինարարական աշխատանքները թույլատրելի են, քանի որ տարածքում չկան պատմամշակութային հուշարձաններ»:

«Մենք պահանջելու ենք, որ նոր փորձաքննություն անցկացվի՝ պարզելու համար, թե հէկ-ի շինարարությունը ինչպես կազդի Թռչկանի վրա»,- հայտարարեց Լևոն Գալստյանը՝ ավելացնելով, որ եզրակացության մեջ շատ թերություններ և անճշտություններ կան:

Աշխարհագրագետի խոսքերով՝ Թռչկանն անգամ չունի բնության հուշարձանի անձնագիր, որը պետք է ունենան բոլոր հուշարձանները:

Լրագրողի բարձրացրած այն հարցին, թե «Շաքեի ջրվեժի օրինակը բավարար չէ՞ ասելու համար՝ մի կառուցեք հէկ, այլ ոչ թե նոր փորձաքննություն պահանջելու», անկախ փորձագետ Արմեն Քեշիշյանը պատասխանեց. «Կարող ենք ասել՝ մի՛ կառուցեք, բայց ասողին լսող է պետք: «Ռոբշինը» իր ձեռքի տակ ունի օրինական անհրաժեշտ փաստաթղթերը, թույլտվություն ունի, և նրան ոչ ոք չի կարող ասել՝ մի՛ կառուցիր: Պետք է նոր փորձաքննություն անել՝ փաստաթղթում բացթողումները գտնելու և թույլտվությունը չեղյալ հայտարարելու համար»:

Լևոն Գալստյանի խոսքերով՝ այնպիսի տպավորություն է, որ փորձաքննություն իրականացնելիս այդ մարդիկ նույնիսկ չեն եղել տեղանքում. «Առ այսօր տարածված է այն նկարագրությունը, թե Թռչկան ջրվեժը գտնվում է Չիչխան գետի վտակի' Թռչկանի վրա: Սակայն սա իրականությանը չի համապատասխանում, քանի որ Թռչկան վտակ գոյություն չունի, ջրվեժը գտնվում է Չիչխան գետի վրա»,- ասում է աշխարհագրագետը:

Մերի Ալեքսանյան

Նկարը` Էդգար Մարուքյանի

Աղբյուրը՝ www.hra.am